Հետևեք մեզ։

Տարոն Մարգարյանը գրեթե ոչինչ չի հայտարագրել, տուն չունի, նախորդ տարվա սեփականութուններն  ու փողերն էլ չկան

14:04, 22 փետրվար 2024
Տարոն Մարգարյանը գրեթե ոչինչ չի հայտարագրել, տուն չունի, նախորդ տարվա սեփականութուններն  ու փողերն էլ չկան

Տարոն Մարգարյանը գրեթե ոչինչ չի հայտարագրել, տուն չունի, նախորդ տարվա սեփականութուններն  ու փողերն էլ չկան։ 
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և տիկնոջ՝ 2022 թվականի ունեցվածքի մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

2022-ին Տարոն Մարգարյանը նոր մեքենա է գնել՝ 2007 թվականի արտադրության Infiniti, արժեքը՝ 2 մլն 150 հզր դրամ։ Բացի այդ, 1 մլն 200 հզր դրամով էլ BMW մակնիշի ավտոմեքենա է գնել։

Կանխիկ հայտարարագրել է 17 մլն դրամ, ԱԺ-ից, որպես պատգամավոր ստացել է 6 մլն 720 հզր դրամ աշխատավարձ և այլևս ոչինչ չունի, ըստ հայտարարագրի։

Սակայն, 2021 թվականի հայտարարագրում Տարոն Մարգարյանը բավականին հարուստ էր․ հայտարարագրել էր Ջերմուկում հասարակական նշանակության շինությունը, որի համատեղ սեփականատերն է , և որը ձեռք է բերել 2007–ին։

Հայտարարագրել է մեկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության, և որը ձեռք է բերել 2007–ին, բանկային հաշիվներին ուներ 1 մլն 394 հազար ռուսական ռուբլի, 4900 եվրո, 31000 դոլար, անկանխիկ հայտարարագրել էր 89 մլն դրամ, 13000 դոլար, և 40 000 եվրո։ Աշխատավարձը կազմել է 3 մլն 80 հազար դրամ, հանգստի համար ծախսել է 2 մլն 500 հազար դրամ։

Տարոն Մարգարյանի կինը՝ Գոհար Սարգսյանը հայտարարագրել էր  904 եվրո բանկային հաշվին, կանխիկ ուներ 35 մլն դրամ, 8000 եվրո, 7000 դոլար։ Հանգստի համար ծախսել է 2 մլն 100 հազար դրամ։ Չի աշխատում։

Ստացվում է, Տարոն Մարգարյանն ու նրա տիկինը համատեղ՝ կանխիկ ու անկանխիկ ունեին 1 մլն 394 հազար ռուբլի, 54 000 եվրո,128 մլն դրամ և 51000 դոլար։

Հայտարարատուների կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք  նշվել է Ավանի առանձնատունը, որի սեփականատերը Տարոն Մարգարյանի որդին է՝ Նահապետ Մարգարյանը։


2022-ի հայտարարագրերում փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցով դատարան է դիմել, որպեսզի ԱԺ պատգամավորից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձվի 11 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատներ։

«Հետք»-ն ուսումնասիրել էր Ավան վարչական շրջանի միայն մեկ փողոցում գտնվող անշարժ գույքերը, դրանց ձեռք բերման հիմքերը և սեփականատերերին։ Պարզել էր, որ իրավապահները Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի ընդամենը մի մասն են հայտնաբերել։ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցադիմումի մեջ բացակայում է Ավանի Խուդյակովի փողոցում Տարոն Մարգարյանի քույրերին, սանիկին և այլ փոխկապակցված անձանց պատկանող 5 անշարժ գույք։ Ավելին, իրավապահները չեն հայտնաբերել նաև Մարգարյանի սանիկի անունով գրանցված Երևան քաղաքում գտնվող 10-ից ավելի անշարժ գույքերը։