Հետևեք մեզ։

Հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունը ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը․ ՀՀ ՊՆ և Ֆրանսիայի ԶՈՒ ղեկավարներ

11:53, 23 փետրվար 2024
Հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունը ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը․ ՀՀ  ՊՆ և Ֆրանսիայի ԶՈՒ ղեկավարներ

Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

 

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու իրենց գոհունակությունը հայտնել համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։ 

 

Միաժամանակ նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ: 


Նախարարները կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը և այն երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ջանքերը: 

 

Հատուկ ուշադրության են արժանացել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերը:


Քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ առաջիկա անելիքները: 


Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիեն Լըկորնյուն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ: 

 

Նախարարներն ընդգծել են, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը: