Հետևեք մեզ։

Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից․ ՔԱԿ փոխնախագահ

14:17, 24 փետրվար 2024
Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից․ ՔԱԿ փոխնախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

ՔԱԿ-ում Փաշինյանը նշել է, որ նախորդ քննարկումների կարևոր թեմաներից մեկը տեղական ավիաընկերությունների անվտանգության ստանդարտները շարունակաբար բարձրացնելն է եղել և հարց է բարձրացրել՝ նախորդ տարի այս ուղղությամբ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը նշել է, որ դա մշտական աշխատանք է: «Այնպես չէ, որ մենք ժամանակ առ ժամանակ ենք անդրադառնում: Դա ամենօրյա մեր մշտական աշխատանքն է, և բոլոր ավիաընկերությունները գտնվում են վերահսկողության տակ: Ամեն մի ստորաբաժանում ունի աուդիտների իր գրաֆիկը, և յուրաքանչյուրն իր ուղղությամբ կատարում է ավիաընկերությունների վերահսկողությունը: Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից: Պայմանավորված է, որ դա պետք է լինի մշտական: Այնպես չէ, որ տարին մեկ անգամ կամ երկու անգամ աուդիտ լինի, դա բաժանված է փուլերի»:

Արձագանքելով` վարչապետը նշել է. «Ավիաընկերությունը մշտական վերահսկողության տակ է, որովհետև այսօր կարող ենք ստուգել նորմալ լինի, բայց երկու տարվա ընթացքում իր պարամետրերը կարող են նվազել»:

Նշվել է, որ «Հայվեյզ» ՍՊ ընկերության կողմից Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ 737/400 բեռնատար օդանավը, և հայկական ավիացիոն շուկա է մուտք գործել գերմանական «Լյուֆթհանզա Կարգո» ավիաընկերությունը:

Անդրադառնալով բեռնատար օդանավի ներկրմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ բեռնատար օդանավ է ներկրվել: Մենք արդեն ունե՞նք, թե սա առաջին օդանավն է, որ պետք է գործի և արդեն թռիչք իրականացրել է, բեռ տեղափոխե՞լ է Հայաստանից»:

Միհրան Խաչատրյանը նշել է, որ օդանավը Հայաստանում է, մարտ ամսից սկսելու է բեռնափոխադրումները` ավիաընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալուց հետո:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ եթե 2022 թվականին յուրաքանչյուր չորրորդ ուղևորն էր հայկական ավիաընկերությունների միջոցով տեղափոխվում, ապա նախորդ տարի ամեն երրորդ ուղևորն է հայկական ավիաընկերությամբ տեղափոխվել: ««Հայվեյզ» ընկերության հետ կապված, կարծում եմ, սա էլ է ձեռքբերում, գտնվում ենք ավարտական փուլում: Կլինի հայկական առաջին ավիաընկերությունը, որը մասնագիտացված բեռնափոխադրող ընկերություն է: Մենք ունենք բավականին մեծ աճ նաև բեռնափոխադրումների ուղղությամբ և իհարկե, այդ ընկերությունը նաև պետության կարիքների համար է այլ ծառայություններ մատուցելու»,- նշել է նախարարը: