Հետևեք մեզ։

Մարդու իրավունքների անպաշտպանությունը կամ ընդդիմության և իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը

19:50, 05 ապրիլ 2023
Մարդու իրավունքների անպաշտպանությունը կամ ընդդիմության և իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը

Մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում, իհարկե, լավ չէ, բայց որ հենց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացը պետք է բացահայտ ցույց տար իրավունքների անպաշտպանությունն ու, որ այդ առումով հույս ունենալ պետք էլ չէ, դժվար էր սպասել։ Մենք, ախր, սովոր ենք ընտրությունների ժամանակ գոնե լավ խոստումներ լսել, իսկ այսքան ակնհայտ դարձնել, որ իրենց վրա հույս դնել պետք չէ, նորություն էր։ 

 

Երեկ Ազգային ժողովի սենյակներից մեկում Հայաստանի իշխանության և ընդդիմության ողջ պերճանքն ու թշվառությունն էր, որում այնքան լավ էր երևում, որ նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը, որին հավանաբար ուշադիր հետևում են նաև միջազգային կառույցները, գզվրտոցի ու միմյանց քաղաքականապես ու ոչ միայն, փչացնելու առիթ է։ Նեղ անձնական ու քաղաքական շահերն ու ուսերին դրված ոչ համապատասխան մանդատները հասցրել են նրան, որ քաղաքական դաշտի խաղացողները հենց ՄԻՊ ընտրելիս ցույց են տալիս, որ դեռ ընդամենը ընդունակ են խախտել մարդու իրավունքները և դրանց պաշտպանության համար կոչված չեն։

 

Ազգային ժողովի հանձնաժողովում Էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցածն իսկապես խայտառակություն էր։ Դա քննարկում էր, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմության թեկնածուն ապացուցում էր իր մերժելիությունը, իսկ իշխանությունը՝ դրան արձագանքում խուժանավարի։ 

 

Հանձնաժողովի նիստում Էդգար Ղազարյանը որոշեց բոլորին միանգամից ասել, որ մարդկանց մի մասին սիրում է, իսկ մյուս մասին՝ ատում։ Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի մարդուն, որևէ մարդու, ցանկացածին որևէ կերպ պիտակավորել, որովհետև նա նաև այն մարդու պաշտպանն է, ում բոլորը պիտակավորում են և միգուցե որոշ էմոցիաների պայմաններում «իրավունք ունեն» պիտակավորել։ Բայց նա որոշեց պիտակավորել ժողովրդին կամ դրա՝ իշխանափոխություն կատարած կամ դրան մասնակցած մասին, այդպիսով մի կարևոր ու բոլորին վաղուց հայտնի բան ևս հաստատելով՝ ինքը քաղաքական անձ է, և քաղաքական հայացքներն իրեն խանգարում են բոլոր մարդկանց վերաբերել որպես հավասարների։ Էդգար Ղազարյանն իր քաղաքականացվածությունն ի լուր աշխարհի խոստովանեց նաև ՄԻՊ-ի թեկնածու լինելու՝ ի սկզբանե բացակայած շանսը տապալելուց հետո քաղաքական բեմ բարձրանալով։ Նրա քաղաքական հայտարարություններն, ինչ խոսք, այլ քննարկման թեմա են՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է Հայաստանում քաղաքական պայքարը միայն տաք եղանակին դրսևորվում և թե ինչո՞ւ էր էդգար Ղազարյանն այդքան ոգևորված պայքարի հաջողությամբ, երբ պայքարի մեկնարկի օրն ավելի շատ պատմում էր, թե իրեն ինչքան շատ են ծեծել։

 

Բայց այս ամենի մեջ ավելի վատն այն է, որ  Էդգար Ղազարյանն Ազգային ժողովում իրականում ոչ մի նոր բան չբացահայտեց և ընդդիմադիր երկու խմբակցությունները նրան մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու էին առաջադրել՝ գիտակցելով, որ նա քաղաքական անձ է ու բոլոր մարդկանց հավասար չի վերաբերում։ Սրա վկայությունն էր նաև այն, որ Ղազարյանին առաջադրողներն անգամ ԱԺ չէին գնացել։

 

Մի բան է առավել անհասկանալի։ Ինչո՞ւ է ոմանց թվում, որ կարող են իրավացիորեն քննադատել մյուս թեկնածուին՝ նրան ճշմարիտ կերպով մեղադրելով անձեռնհասության, իշխանությանն անվերապահ ենթարկվելու և ոչ օբյեկտիվ լինելու մեջ ու առաջադրել մեկին, ով այդ թեկնածուից տարբերվում է միայն նրանով, որ ոչ թե իշխանության, այլ ընդդիմության քաղաքական ենթական է։ Ինչո՞ւ է  ոմանց թվում, թե մարդն, ով հոգնել է տեղի ունեցողից, ու իսկապես իր իրավունքների պաշտպան է փնտրում, այս ամենը չի հասկանա։

Սա, իհարկե,Ազգային ժողովում տեղի ունեցածի մի կողմն է միայն։ 

 

Պակաս տխուր չէր նաև Էդգար Ղազարյանի այս պահվածքից ուրախացած իշխանության վիճակը։ Հայաստանի քաղաքացուն վիրավորողի մարմնի տարբեր մասերը կտրտելու սպառնալիքների բազմաթիվ կրկնությունները, որոնք արվեցին հենց քաղաքացուն դիմելով՝ իմա՝ տես քեզ վիրավորողին ինչ կանեմ, ակնհայտ պոպուլիստական էին։ Պոպուլիզմը շատ էր մի պահ այնքան, որ բռիության ու փողոցայինության դրսևորումների մեջ նույնիսկ չխեղդվեց, թեև փողոցայինության աստիճանը զարմացրեց նույնիսկ փողոցին։ Ճիշտ է, Էդգար Ղազարյանը դեռ հետո հանրահավաքում պետք է հայտարարեր, որ մեծ հաղթանակ է տարել, քանի որ ՔՊ-ականներն իրենից վախեցել ու փախել են, բայց նա վերջիններիս հաղթել էր մի բանում միայն։ Ղազարյանն իշխանական պատգամավորներին իջեցրեց «պլենդուզի հատակը»՝ նրանց մղելով խուլիգանական պահվածքի՝ «արա, ով ես դու այ տղա»-ի մակարդակի բազմաթիվ արտահայտություններով։

 

Փաստորեն, իշխանականներին էլ սխալմամբ թվում է, թե մարդու իրավունքների հանձնաժողովում թեկնածուի հետ փողոցային հաշվեհարդարը մարդու իրավունքների հետ կապ ունի։ Հետևաբար, անկախ նրանից՝ Էդգար Ղազարյանին առաջադրողները նիստից բացակայելով որոշել էին քցել նրան, թե անարգում էին հանձնաժողովին, ներկա պատգամավորների մեծամասնությունն իր հերթին ապացուցեց, որ իրենց չհարգելու հիմքեր շատ կան։

 

Դե, ի տարբերություն Էդգար Ղազարյանի՝ ՄԻՊ իշխանական թեկնածուն իբր խորամանկ էր, փորձում էր շրջանցել հարցերը իրեն բնորոշ վերացական մտքերով։ Բայց նա արդեն իր կամքին հակառակ ստիպված էր չթաքցնել, որ ընդդիմությունն էլ իր հերթին ճիշտ է իր հարցում։ Անահիտ Մանասյանը  չկարողացավ չբացահայտել, որ ՄԻՊ ընտրվելու դեպքում տեսնելու է միայն այն, ինչ իրեն կհանձնարարեն։ Չնայած, որ Ալեն Սիմոնյանը չի հերքել և չի հերքում, որ թքել է քաղաքացու դեմքին, բայց Մանասյանը պնդեց, որ չկա նման փաստ։ Դե, հասկանալի է, որ Մանասյանը թքելու պահն անձամբ չէր տեսել, բայց դժվար թե տեսած չլիներ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների հանդեպ ոստիկանության ծառայողների գործողությունները։ Մանասյանն այստեղ որոշեց մանևրել այլ կերպ՝ խոսել ամեն ինչից ու ոչնչից։ Ի դեպ, ՄԻՊ իշխանական թեկնածուն, փաստորեն, մարդու իրավունքների խախտումների մասին կես բառ էլ չի խոսելու, որպեսզի նրանց կրկնակի զոհացման չենթարկի։ Հավանաբար, նա հենց այդ պատճառով էր անձայն նաև Էդգար Ղազարյանի հանդեպ խուժանական պահվածքի պահին։

 

Իսկ իրականում Անահիտ Մանասյանի ընտրվելու դեպքում Հայաստանը մարդու իրավունքների պաշտպան չի ունենալու։ Այդ աթոռին նստելու է մեկն, ով իրավունքի պաշտպանությամբ զբաղվելու նվազագույն համարձակություն չունի, ով անկարող է նույնիսկ խոսել իրավունքի խախտման կոնկրետ դեպքի մասին։

 

Բեթղեհեմ Արաբյան