Հետևեք մեզ։

Իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը Բաքվից ճշտե՞ց, թե ինչու էր կրակում իրենց վրա, իսկ ՀՀ-ն հարցրե՞ց, թե իրենք ինչու էին դա թաքցնում

16:58, 26 փետրվար 2024
Իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը Բաքվից  ճշտե՞ց, թե ինչու էր կրակում իրենց վրա, իսկ ՀՀ-ն հարցրե՞ց, թե իրենք ինչու էին դա թաքցնում

Վերջին օրերին՝ ԵՄ դիտորդական առաքելության մեկամյա միջոցառման ժամանակ, Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտեց, որ ռուսները խոչընդոտել են իրենց մուտքը Ներքին Հանդ։ Իսկ թե որն է պատճառը Ռիտերը շատ լավ պատասխան տվեց՝ այդ հարցով պետք է զբաղվի Հայաստանը։
Ներքին Հանդ ԵՄ առաքելության մուտքի խոչընդոտի մասին խոսեց նաև արցախցի, նախկին հայրենասեր, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ի տարեբերություն Արմեն Գրիգորյանի, ԱԱԾ-ն «Ազատությանը» հերքել էր վերը նշված լուրը․ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան», - նշել էր կառույցը։


Նախ արձանագրենք, Հայաստանում որոշողը պետք է լինեն ՀՀ պետական կառույցները, իսկ եթե այդպես չէ, պետության մեղքի բաժինը հաստատ փոքր չէ։

Նախքան ԱԱԾ-ի հերքումը, ԵՄ առաքելության ղեկավարի և նախկին հայրենասերի ասած՝ Ներքին Հանդ մուտքի արգելքի լուրի տակ ենթատեքստ էր դրվում այն մասով, որ Ներքին Հանդում մենք չորս զոհ ունենք, այ այդ հատվածում էլ ԵՄ առաքելության մուտքը ռուսներն արգելել են, այլապես․․․


Բայց զուտ հիշեցնեմ, որ նախորդ գարնանը Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների վրա հարձակման ժամանակ տվյալ տարածքում չէին եղել․ նրանք տվյալ հատվածում մոնիթորինգ են իրականացրել ապրիլի 11-ի առավոտյան, երբ հարձակումը դեռ չէր սկսվել։ Այդ օրը Հայաստանը նաև տարածք կորցրեց։

Եվ բացի այդ, առաքելությունը միայն դիտորդական լիազորություն ունի։

Ինչ վերաբերում է ԵՄ առաքելության մեկ ամյակին, քանի որ իրենց միջոցառմանը սահմանափակ թվով լրատվամիջոցներ էին ներկա, և հավանաբար, իրենց ցանկությամբ, ապա հարցեր են մնում ԵՄ առաքելությանը, որոնց պարզաբանումը բխում է միայն առաքելության օբյեկտիվ երևալու չափից։

Բայց նախորդ մեկ տարում աղմկահարույց ու շատ կասկածելի միջադեպ է գրանցվել, որը կասկածի տակ է դնում ԵՄ առաքելության ողջ գործունեությունը։

Խոսենք փաստերով․ 
Նախորդ տարվա օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը տեղեկություն տարածեց, որ նույն օրը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:


Այստեղ, իհարկե, օբյեկտիվության բալանսն այլևս խախտված է, որովհետև իրենց իսկ վրա կրակոցը ԵՄ առաքելությունը հերքեց Բաքվի հետ սինխրոն պնդելով, թե «ԵՄ պարեկներից և ոչ մեկը չի թիրախավորվել»։


Եվ այդպես էլ կմնար, եթե հայկական լրատվամիջոցներին հասանելի չդառնար այն տեսագրությունը, որտեղ ԵՄ դիտորդներից մեկը հայկական դիրքերից մեկում պատմում, թե ինչպես են ադրբեջանցիները թիրախավորել իրենց ու իրենց մեքենաները։

Տեսանյութի տարածումից հետո Բաքվի հետ իրենց իսկ վրա կրակոցի հերքում տարածող ԵՄ առաքելությունը իրենց պաշտոնական էջից հեռացրեց ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը հերքող գրառումը և գրեց նորը․ «Դիտորդական առաքելությունը թվիթերյան իր միկրոբլոգում մեկ այլ գրառում արեց՝ նշելով, թե ԵՄ «պարեկը ներկա է եղել իրենց պատասխանատվության գոտում եղած կրակոցների պահին»։


Դժվար է իրականությունից չափազանց կտրվելն ու ասել, որ կգա մի օր, որ ոչ ռուսները, ոչ ԵՄ-ն,  մեզ ոչինչ չեն ասի, այլ նրանց մենք սիրով կհյուրաընկալենք անվտանգ Հայաստանում, բայց այս պահի փաստերով՝ ՀՀ-ն ռուսներից կպարզի, թե ոչ, ԱԱԾ-ն է ճիշտ, թե ԱԽ-ն, այլ հարց է, մեր հարցն է։  Իսկ ԵՄ-ն Բաքվից ի՞նչ պահանջեց, պատասխան պահանջե՞ց կրակոցի տակ ընկելու համար, թե Բաքվի գնդակը նավթի հոտ ունի, թե՞․․․ իսկ ՀՀ-ն ԵՄ դիտորդական առաքելությունից ճշտե՞ց, թե ինչու էր ստում ու հերքում Բաքվի կողմից կրակոցների փաստը, Արմեն Գրիգորյանը բա չհարցրեց, թե ինչու՞ էին հերքում ՀՀ Պն-ին, իսկ եթե ԵՄ-ն Բաքվի կրակոցի համար լուռ է, ապա կասե՞ք որն ձեր առաքելությունը, իսկ ձեր լռությունը այս հարցին ոչ միայն գոյության իրավունք է տալիս․․․

 

Վերլուծական