2024 թվականից Վրաստանում տրվող բոլոր շինարարական թույլտվությունները պետք է ներառեն կանաչապատման նախագիծ։ Խորհրդարանն այսօրվա լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ հաստատել է «Տարածքային դասավորության մասին օրենսգրքում» համապատասխան փոփոխությունները։
Խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ Մայա Բիթաձեն պարզաբանել է, որ նշված նախագիծը Թբիլիսիում գործում է 2019 թվականից և այսօր արդեն տեսանելի է՝ բազմաթիվ կանաչ բնակելի համալիրներ և օբյեկտներ, այդ թվում՝ սննդի օբյեկտներ, որոնք կառուցված են կանաչապատմամբ։
Նրա խոսքով, նոր փոփոխությունները թույլ են տալիս կարգավորել քաոսային շինարարությունները ողջ Վրաստանում, իսկ հնարավորության դեպքում կանաչապատել և ստեղծել հանգստի նոր տարածքներ յուրաքանչյուր թաղամասում, յուրաքանչյուր շենքի մոտ։