Հետևեք մեզ։

Արտագնա աշխատանքի մեկնածները ՀՀ-ում չեն հարկվի, եթե տարվա ընթացքում նրանց եկամուտները չգերազանցեն 12 մլն դրամը․ ՊԵԿ նախագիծը

15:06, 27 փետրվար 2024
Արտագնա աշխատանքի մեկնածները ՀՀ-ում չեն հարկվի, եթե տարվա ընթացքում նրանց եկամուտները չգերազանցեն 12 մլն դրամը․ ՊԵԿ նախագիծը

Պետական եկամուտների կոմիտեն նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները ՀՀ-ում չեն հարկվի, եթե տարվա ընթացքում նրանց եկամուտները չգերազանցեն 12 միլիոն դրամը։


Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հաշվետու տարվա ընթացքում ՀՀ-ից դուրս ստացված նշված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։ 


Ընդ որում, նախագծով սահմանվում է, որ նշված դրույթը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր հիշյալ եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց, ինչպես նաև այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր համապատասխան եկամուտները ստացել են Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից:


Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների՝ ՀՀ-ում հարկման կարգավորումների վերանայման անհրաժեշտությամբ՝ նախագծով սահմանված ժամանակահատվածի համար։