Մեր երկու երկրները կապված են դարավոր բարեկամության և եղբայրական հարաբերությունների և փոխըմբռնման զգացումներով: Կառուցողական կերպով համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակում և այս ոգով ամբողջովին կիսում ենք Ձեր հետաքրքրությունը` պաշտպանելու համաշխարհային մշակութային կոթողների անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում: Այս մասին Հունաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն։
Նա նշել է, որ իրենք խորացնում են ինստիտուցիոնալ երկխոսությունը Հունաստանի և Հայաստանի միջև:
«Հունաստանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, առաջին իսկ վայրկյանից մենք մեր համերաշխությունն արտահայտեցինք հայ ժողովրդին` ուղարկելով հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր հայերին, միաժամանակ, լինելով միջազգային իրավունքի ջատագով` դիվանագիտական երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործում: Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին, որի նպատակն է հաստատել համերաշխություն, խաղաղություն, որը կլինի հարատև և կնպաստի լավ հարևանության և հարաբերությունների ստեղծմանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ»,- ասել է Հունաստանի նախագահը: