Արտագնա աշխատողների մասով Е-draft.am համակարգում տեղադրված է «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողի կողմից, ապա մենք տարբերության մասով հարկը չենք կիրառում։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Սա թիվ մեկ արձանագրումը։ Օբյեկտիվ բոլոր դժգոհությունները հաշվի ենք առել և նախատեսել ենք դրանք»,- ասել է Բադասյանը։
Նա նշեց, որ ամենևին ընդունելի չէ, որ որևէ անձ կարող է ասել՝ ինչու նա պետք է հարկ վճարի։
«Վերաբերմունքը մեր հարկային քաղաքականության և հարկ վճարելու մշակույթի նկատմամբ պետք է փոխենք։ Մենք հարկն ուղղակի անվերադարձ չենք տալիս, հարկի դիմաց ստանում ենք անվտանգություն, սոցիալական ապահովվածություն»,- ասել է Բադասյանը։
Հարցին՝ ինքը համարո՞ւմ է, որ ՀՀ թիվ 1 հերոսը հարկ վճարողն է, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ եթե քաղաքացին ուզում է հայրենասեր լինել, պետք է մի քանի բանի ուշադրություն դարձնենք․ արդյոք օրինապահ է, վճարում է հարկերը, եթե անձը այդ պայմաններին բավարարում է, ապա այդ անձը կարող է համարվել հերոս։ Եթե անձը հայրենասիրությունից խոսում է բաժակաճառերով և արցունքները աչքերին, բայց չի կատարում իր հարկային պարտավորությունները, չի կարող համարվել հայրենասեր»։