Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին կեղծ մեղադրանքներ է հղել Հայաստանին

16:55, 27 փետրվար 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին կեղծ մեղադրանքներ է հղել Հայաստանին

 
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը Սումգայիթյան ոճրագործության տարելիցի առթիվ։ Հաջիզադեն նշել է, թե «Սումգայիթի դեպքերի առնչությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքները լիովին անհիմն են և պատմական փաստերի խեղաթյուրում ու կեղծում են»։
 
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը հիշեցնում ենք, որ Սումգայիթի ազգամիջյան խռովությունը ԽՍՀՄ և Հայաստանի ղեկավարության, հայ շովինիստական գաղափարախոսների և ծայրահեղական կազմակերպությունների կանխամտածված և ծրագրված սադրանքների մի մասն էր»,- նշել է Հաջիզադեն։
 
Ըստ նրա՝ Սումգայիթում ոճրագործության զոհերի թվում 6 ադրբեջանցիների առկայությունը վկայում է, թե իբրև այդ անկարգությունները չեն իրականացվել ադրբեջանական բնակչության կողմից։
 
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները։ Այսօր էլ, արդեն Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող այլատյաց և թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման  ճանապարհին։