Եվրախորհրդարանը Ստրասբուրգում երեքշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը, գրում է dw.com-ը։
«Մենք ականատես ենք պատմական պահի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում. դրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը։
Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։
Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնում է ներդրումները իր տնտեսության մեջ։
«Առջևում գտնվող ճանապարհը կարող է դժվար լինել»,- նշել է եվրահանձնակատարը,- «Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրին քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, չեն կարող հաղթահարել մեկ գիշերում»:
Այնուամենայնիվ, Ուրպիլայնենը համոզված է, որ երկրում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը. Եվրահանձնաժողովը ներկայումս քննարկում է այն սկսելու ուղիները: