Եվրախորհրդարանը Ստրասբուրգում երեքշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը, գրում է dw.com-ը։
Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց վիզայի ռեժիմի ներդրման առաջին քայլերը, որին կհաջորդի ավելի խորը տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի եվրոպական առավելություններից։ Նման առաջարկով է հանդես եկել Գերմանիայի ներկայացուցիչ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։
Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները մթագնում են Ադրբեջանի հետ հակամարտությամբ. «Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները մնում են լուրջ խոչընդոտ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար»,- նշել է Բուլղարիայի պատգամավոր Անդրեյ Կովաչևը։ Նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն է։
«Պարզապես բանակցելը բավարար չէ։ Դրանք (բանակցությունները-խմբ․) շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել ժողովրդավարությունը և մեզ վրա հույսը դրած հայ ժողովրդին»,- ասել է խորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոիզաոն։
Նրա կարծիքով, ԵՄ երկրները պետք է հետևեն իր հայրենի Ֆրանսիայի օրինակին, որը պատրաստում է հայ զինվորներին և տրամադրում Երևանին զինտեխնիկա։
«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք դաժանորեն կվերաբերվենք դրան», - ասել է իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։
«Դրա համար Եվրամիությունը պետք է ազատ ձեռքեր ունենա՝ ազատելով նրան ադրբեջանական գազի և նավթի ներմուծումից»,- ասել է չեխ Մարկետա Գրեգորովան և կոչ է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցչին համոզել իր գործընկերներին Բրյուսելում։