1988-ին ԽՍՀՄ կազմում էր Հայաստանը, ԽՍՀՄ ղեկավարությանը որոշակի պահանջներ էինք ներկայացնում, որոշակի խնդիրներ ունեինք հարևան Ադրբեջանի հետ, նույնն էլ այնտեղ էր։ Այս մասին Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Բաղդադի համալսարանում կարդացած դասախոսության ընթացքում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Լրջագույն տնտեսական պրոբլեմների մեջ էր Խորհրդային Միությունը։ Մենք հավաքվում էինք հրապարակներում, պահանջում էինք կյանքի բարելավում, Ադրբեջանում ապրող մեր հայրենակիցների անվտանգության ապահովում»,- ասել է նա։
Խաչատուրյանը երկայացրեց 90-ականներից մինչև մեր օրեր տնտեսության ոլորտում գրանցված փոփոխությունները, իսկ ներկայներից մեկի հարցին՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ՀՀ նախագահը պատասխանեց․
«Հարևանների հետ պետք է ապրել խաղաղ։ Կենցաղում էլ է այդպես, եթե հարևանիդ հետ խնդիր ունես, պետք է կամ տունդ փոխես, կամ հարևանիդ հետ խաղաղ ապրես։ Հիմա ոչ Հայաստանն է ուզում այլ տեղ ապրել, ոչ էլ էդպիսի տեղ կա, ոչ էլ Ադրբեջանը։ Պետք է կանգնել և խոսել, սկզբում միջնորդների միջոցով։ Կա շատ ծանր պատմություն, տասնյակ հազարավոր զոհեր երկու կողմերից, հազարավոր զինյալներ անհայտ կորած, տարածքային որոշ խնդիրներ։ Սեղանին կա փաստաթուղթ, որի շուրջ ուզում ենք համաձայնության գալ, ուժով, պատերազմով հարցը չեն լուծում»։