Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։
«Պետականության կորուստը ամենամեծ վտանգն է եղել մեր ժողովրդի կորստի, ինքնության վերացման։ Այստեղ, իհարկե, անուրանալի, մեծ դեր է ունեցել առաքելական եկեղեցին: Ոչ ոք դա չի կարող հերքել և չի էլ պատրաստվում հերքել։ Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք ամենօրյա մեր իրականության մեջ, և պատմության դաս է մեզ համար։ Առաքելական եկեղեցին իր յուրահատուկ դերը շարունակելու է պահպանել, դա պայմանավորված է նաև պետության վերաբերմունքով, բայց պայմանավորված է նաև մեր ժողովրդի էությամբ։ Եթե մենք կանք հայ, դա հենց եկեղեցու գոյությամբ է պայմանավորված եղել։ Սա մեծ պարտականություն է այսօրվա ՀՀ-ի, ՀՀ պետական պատասխանատուների համար»,-ասել է նախագահը։