Հետևեք մեզ։

Բոլորս ենք մեղավոր, հատկապես ՀՀ քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ․ Վահագն Խաչատուրյան

12:58, 29 փետրվար 2024
Բոլորս ենք մեղավոր, հատկապես ՀՀ քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ․ Վահագն Խաչատուրյան


Մենք իրատեսորեն չնայեցինք այն իրավիճակին, որում ապրում էինք 90-ական թվականների ավարտից հետո։ Այս մասին Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով Արցախի հիմնախնդրին։

«Մենք չկարողացանք իրականացնել այն պոտենցիալը, որն ունենինք, որի արդյունքում կունենայինք հնարավորություն ունենալու այն, ինչի մասին երազել ենք։ Մենք կորցրեցինք այդ հնարավորությունը։ Ես երբևիցե գնահատական չեմ տալիս՝ ում պատճառով կամ ինչ, մենք բոլորս ենք մեղավոր, հատկապես ՀՀ-ում ապրող քաղաքացիներս և հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ։

Մենք չկարողացանք իրատեսորեն գնահատել այն իրավիճակը, որում ապրում ենք, և այդ իրավիճակից ելնելով՝ փորձել մեր հարևանների հետ իրականում գտնել այնպիսի լուծում, որն արժանապատիվ պետք է լիներ Արցախի, Արցախում ապրող մեր հայրենակիցների համար։ Մենք գնահատականները տվել ենք մեր շահից ելնելով, այդպես ենք ցանկացել, դիմացի շահի հետ չենք ուզել առնչվել, բայց այդպես չի լինում, դա երկկողմանի ճանապարհի նման է»,-ասել է նախագահը։