Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել․ Արտակ Բեգլարյան

13:08, 29 փետրվար 2024
Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել․ Արտակ Բեգլարյան

Երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել, որ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային հայցերից, ապա հնարավոր է, որ Հայաստանն էլ հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻ նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։


«Առանց մանրամասն ներկայացնելու, թե որքան անհիմն են ադրբեջանական հայցերը Հայաստանի հանդեպ՝ միայն ասեմ, որ մեր հավաքական ու անհատական իրավունքներից հրաժարվելու հերթական հանձնվողական գործողությունը բերելու է նորանոր ողբերգություններ: Ոչ մի իրեն հարգող ժողովուրդ ու պետություն չի կարող հրաժարվել իր բնական իրավունքներից ու ճշմարտությունից, ընդ որում՝ հանուն ոչնչի և հանուն մի ցեղասպան բռնապետի բավարարման:


Ավելին, Ադրբեջանի հայցերը ամրապնդում և ամրապնդելու են մեր ռազմավարական գործիքակազմը՝ հետևողական ու արդյունավետ կերպով պայքարելու մեր իրավունքների վերականգնման ու արդարության համար: Վստահաբար, այդ հայցերը հաջողությամբ են պսակվելու, և բռնապետ Ալիևը նաև դրանցից է վախենում:


ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան նման ոչ միայն գործողություններից, այլև՝ հայտարարություններից ու մտադրություններից: Էլ չասեմ, որ մի շարք այլ հայցեր ներկայացնելու անհրաժեշտություն կա, այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի և Հռոմի ստատուտի հիման վրա»,- գրել է Բեգլարյանը։