Հետևեք մեզ։

Մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել ՀՀ, որի սահմաններն արդեն խախտված են․ Freedom house

13:51, 29 փետրվար 2024
Մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել ՀՀ, որի սահմաններն արդեն խախտված են․ Freedom house

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2024» զեկույցը, որում անդրադարձ է կատարվում նաև Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիային ու էթնիկ զտմանը․

  

«Վիճելի տարածքների վրա հարձակումներն ուժեղացնում են գլոբալ ավտորիտար ագրեսիան։ Մարդիկ, ովքեր ապրում են վիճելի տարածքներում, հաճախ դառնում են բազմակարծության նկատմամբ ավտոկրատրայի, թշնամանքի, ինչպես նաև նրանց էքսպանսիոնիստական ​​օրակարգի զոհերը: Սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը հանգեցրեց տեղական ինքնակառավարման մարմինների լուծարմանը և ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանմանը, ինչը շատ օտարերկրյա դիտորդներ որակեցին որպես էթնիկ զտումների դեպք: 

 

Բաքվի ռազմական հարձակումը տեղի է ունեցել Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո, որը տարածքը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն էր, որի պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակիչները դժվարանում էին ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչպիսիք են սնունդը, բժշկական պարագաները և վառելիքը: Շուրջ երեք տասնամյակ էթնիկ հայ բնակչությունը գտնվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում: Մինչ ռուսական կառավարությունը բանակցել էր նոր զինադադարի մասին այն բանից հետո, երբ 2020-ի հարձակումը մեծ օգուտներ բերեց Բաքվին, 2022-ին Մոսկվայի ներխուժումը Ուկրաինա սահմանափակեց ռուսական խաղաղապահ կարողությունները, և ադրբեջանական ուժերը դանդաղորեն խստացրին իրենց վերահսկողությունը անկլավից մնացած տարածքի վրա: Ի վերջո, քիչ բան կարող էր զսպել ադրբեջանական վարչակարգի հավակնությունները՝ տասնամյակներ ձգվող վեճը լուծել ուժի միակողմանի կիրառմամբ: 

 

Հարձակումը համընկավ Ադրբեջանի ներսում ավտորիտար բռնաճնշումների խորացման հետ։ 1990-ականներից ի վեր կառավարությունն իրականացրել է էթնիկ հայերի նկատմամբ խտրականություն կիրառող քաղաքականություն, և Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև նրանց ժառանգներին արգելվում է մուտքը երկիր: Վերջին տարիներին ակտիվացել են կրոնական խտրականությունը և անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները:

 

Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը մեծացրեց նախագահ Իլհամ Ալիևի ներքին ժողովրդականությունը, ով ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականին իր հորից այդ պաշտոնը ժառանգելուց հետո, և մտավախություն է առաջացնում, որ Ադրբեջանի համարձակ ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն,որի սահմաններն արդեն խախտված են»,-ասվում է զեկույցում։