Հետևեք մեզ։

Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացածների համար անվանական թոշակներ կսահմանվեն

16:38, 29 փետրվար 2024
Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացածների համար անվանական թոշակներ կսահմանվեն

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Գործադիրի որոշմամբ հաստատվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու» ծրագիրը: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման հանգամանքով, որն իր հերթին կնպաստի ազգային ավանդական մշակույթի պահպանմանը, կխթանի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը, ինչպես նաև կնպաստի արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ու դիրքավորմանը: Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 36.3-րդ և 41.1-ին կետերին և ՀՀ մշակույթի պահպանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությանը (գերակա նպատակ 2․1, գործողություն 11):

 

Որոշմամբ առաջարկվում է անվանական թոշակներ սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Այսպիսով՝ անվանական թոշակի սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։ Դրամական խրախուսում տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, ովքեր որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: Ծրագրի համաձայն՝ միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։ Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը։ Այս համադրության մեջ ամսական 660 հազ․ դրամ գումարը հավասարեցվել է Օլիմպիական մրցանակի։ Դրամական խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատ արվեստագետներն ու մշակույթի գործիչները, այնպես էլ խմբերը։ Խմբային (թատերախումբ, ֆիլմարտադրողներ) արդյունքի դեպքում դրամական խրախուսումը բաշխվելու է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվելու է դրամական խրախուսման բաշխումը։ Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի։

 

Արձագանքելով՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Մենք արդեն բավականին երկար ժամանակ մեր մարզիկների խրախուսման մեխանիզմ ենք գործարկել և տեսնում ենք, որ նաև դա որոշակի արդյունք ունենում է: Մենք հենց այն ժամանակից մտածում էինք, թե ինչ մեխանիզմներ գտնենք մշակույթի ոլորտում և բախվում էինք դժվարությունների, որովհետև սպորտի ոլորտում շատ կոնկրետ է, օրինակ՝ աշխարհի չեմպիոն ես, Եվրոպայի չեմպիոն ես, կամ արծաթե մեդալակիր, կամ բրոնզե մեդալակիր, և մրցույթների շարքը, շրջանակը շատ կոնկրետ է: Մշակույթի դեպքում մենք բարդություններ ունեինք և հիմա փորձել ենք որոշակի շրջանակ ձևակերպել: Այնպես չէ, որ այդ բարդությունները լիարժեք հաղթահարված են, բայց նաև մեր մշակույթի ոլորտում խրախուսման և աջակցության այդ մեխանիզմը պետք է ստեղծենք:

 

Հիմա մշակույթի ոլորտում տարբեր շերտավորումներ կան: Եթե, օրինակ, կինոյի ոլորտում ավելի հեշտ է կոնկրետացնել, այսպես ասած, հասցեները, փառատոնների շրջանակը, այլ ոլորտներում մի քիչ դժվարություններ կլինեն, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք, որ մտնենք գործընթացի մեջ և շատ բան, հընթացս նաև կերևա, որպեսզի լրացուցիչ ավելի շատ կարգավորենք»:

 

Այս որոշմամբ, վարչապետի խոսքով, անդրադարձ է կատարվում կինոարտադրությանը, թատրոնին, կերպարվեստին, գրականության ոլորտին, պարարվեստին, երաժշտության ոլորտին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ այս շրջանակի մեջ մտնում է նաև մշակութային ժառանգությունը, որովհետև թանգարանների ոլորտում էլ կան միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություններ:

Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է. «Որոշման կանխատեսման մեջ գրել ենք 11 անձ և 2 կոլեկտիվ, բայց սա նախնական դիտարկում է, եթե լինի 33 անձ և 20 կոլեկտիվ, դա չի նշանակում, որ մենք կասենք, որ 11 էինք կանխատեսել: Ոչ, մենք ուզում ենք, որ լինի 33, 333 և ավելի շատ, որովհետև կարծում եմ, որ դա խթանելու է նաև մեր մշակույթի զարգացմանը և՛ որպես մշակույթ, և՛ որպես տնտեսության ճյուղ, և՛ որպես հանրային կյանքում ավելի տեսանելի գործոն, ընդհանրապես՝ մեր հանրային դիսկուրսները բարձրացնելու և նաև հանրային խնդիրների քննարկման հարթակ դառնալու տրամաբանությամբ»:

 

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված ևս մի կարևոր որոշում, ըստ որի կհիմնադրվի «Մշակույթի զարգացման» հիմնադրամ: Որոշումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության պահանջով։ Նախատեսվում է սկզբնական շրջանում հիմնադրամին փոխանցել թանգարանների մարքետինգային և վարչատնտեսական գործառույթները, ինչպես նաև հաշվապահական հաշվառումը։ Հիշյալ աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելուց հետո կդիտարկվի նաև նախարարության ենթակայության այլ կազմակերպությունների գործառույթների փոխանցումը։

Հիմնադրամի ստեղծման նպատակներն են լինելու օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր, նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը: Կստեղծվի մշակույթի բնագավառում հիմնադրամ, որով կապահովվի մշակույթի բնագավառում մատուցվող ծառայությունների համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը։