Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է, որ հայ ժողովուրդը 2021-ին իր ընտրությամբ տապալել է աշխարհաքաղաքական մեծ պլան՝ Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Սիմոնյանը չբացառեց Ռուսաստանի և Թուրքիայի կամ Ռուսաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները:
«Չպետք է որևէ մեկը զարմանա, որ Հայաստանը փորձում է իր անկախությունը պահպանել: Այդ ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021 թվականին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որ գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք միութենական պետությանը: Սա է եղել պլանը»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա չբացառեց, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել: Հայաստանի ամենամեծ մտահոգությունն է, թե որտեղի է հարվածը լինելու: Նա ակնհայտ համարեց, որ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով և ուղղված է ՀՀ ինքնիշխանության դեմ:
«Հայ ժողովուրդը 2021-ին աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ, գուցե չգիտակցելով, գուցե ինչ-որ տեղ գիտակցելով՝ մեծ աշխարհաքաղաքական պլան է տապալել: Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ. սա է մեծ պլանը»,-նշեց Սիմոնյանը: