Հետևեք մեզ։

«Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների գոյության հարցը մեզ անհանգստացնում է․ ՔՊ-ական պատգամավոր

11:50, 01 մարտ 2024
«Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների գոյության հարցը մեզ անհանգստացնում է․ ՔՊ-ական պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, արձագանքելով լրագրողի հարցին, ասաց, որ իրենց անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների գոյության հարցը։


«Այո՛, մեզ այդ հարցը անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին, այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, արդյունքում երբ որոշումներ կլինեն, կիմանանք բոլորս ինստիտուցիոնալ եղանակով»,- ասաց Հովհաննիսյանը։


Հարցին՝ քննարկվում է շատացնե՞լ նրանց քանակը, թե՞ նրանց դուրս հանել, Հովհաննիսյանը նշեց, որ հասարակությանը չի անհանգստացնում այն, որ սահմանապահների թիվը փոքր է, այլ այն, որ սահմանապահները թիվ ունեն։


Հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ, որ իշխանությունը պաշտոնավարման 6-րդ տարում գլխի ընկավ, որ ռուս սահմանապահները  խնդրահարույց են «Զվարթնոց»-ում, պատգամավորը պատասխանեց․ «Հարցը լայն կոնտեքստում պետք է դիտարկել։ Բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան վեց տարիների ընթացքում, ոչ թե վեց տարի հետո, և յուրաքանաչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, գործողություններ ու որոշումներ։ Նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում»։


Հարցին՝ ռուսական կողմի հետ քննարկումներ սկսվե՞լ են, Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել։