Հետևեք մեզ։

Կամավոր աշխատողների համար կամրագրվի պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր ունենալու հնարավորություն

15:54, 06 ապրիլ 2023
Կամավոր աշխատողների համար կամրագրվի պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր ունենալու հնարավորություն

Գործադիրի հավանության է արժանացել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Օրինագծերով առաջարկվող օրենսդրական կարգավորումները հիմնականում նպատակաուղղված են կամավորության ինստիտուտի կայացմանը, այդ թվում՝ հասարակության լայն շերտերի կամավոր աշխատանքների ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ ամրագրելուն, հասարակության մեջ խոցելի խմբերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի, փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանն աջակցելուն, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակություն ձևավորելուն:

 

Օրենքի ընդունմամբ կամրագրվեն կամավոր աշխատանքի ամբողջական և միասնական օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև կամավորության ինստիտուտի կայացման և մշակույթի տարածման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները: Մասնավորապես, օրենքի ընդունմամբ կազմակերպությունների համար կնախատեսվեն իրենց աշխատողներից բացի կամավորների աշխատանքն օգտագործելու իրավունք, ծախսերի հատուցման մասով որոշակի հարկային արտոնությունների սահմանում, արտակարգ իրավիճակներում արագ գործելու հնարավորություն և այլ խնդիրների լուծում։ Նախատեսվել է, որ կազմակերպության կողմից ներգրավվող կամավորների հետ կնքվելու են կամավոր աշխատանքի մասին պայմանագրեր: Օրենքի նախագծով նախատեսվել է նաև այն կազմակերպությունների շրջանակը, որոնք իրավունք են ունենալու, անհրաժեշտության դեպքում, ներգրավելու կամավորների: Օրինագծով նախատեսվել է ապահովագրության վերաբերյալ կարգավորումները սահմանել կամավոր աշխատանքի մասին պայմանագրով` հաշվի առնելով այն, որ տվյալ դեպքում, չի ենթադրվում, որ բոլոր կամավոր աշխատանքների համար են կամավորներն ունենալու ապահովագրություն: Այլ՝ ապահովագրության պայմաններն ու ծածկույթի շրջանակը կախված է լինելու հնարավոր ռիսկերի առկայությունից ու կատարվող աշխատանքների բնույթից և կարգավորվելու է կողմերի համաձայնությամբ՝ պայմանագրային կարգով: Օրենքի նախագծով կամավորների համար նախատեսվում են կամավոր աշխատանքի շրջանակում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս կրած վնասի հատուցման երաշխիքներ: «Աշխատանքի շուկան Հայաստանում» վիճակագրական գրքույկների տվյալների համաձայն` ՀՀ աշխատանքային գործունեության մեջ ներգրավված բնակչության (15-74 տարեկան բնակչություն) 11.3 տոկոսը (247,200 անձ)` 2018 թ. ընթացքում, 11.5 տոկոսը (252,500 անձ)` 2018 թ. ընթացքում, 11.1 տոկոսը` 245,000 անձ)` 2019 թ. ընթացքում կատարել է կամավոր աշխատանք:

 

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, օրինագծերի փաթեթի ընդունմամբ կսահմանվեն կամավոր աշխատանքն անօրինական աշխատանքից առանձնացնելու հստակ կարգավորումներ: «Այն հնարավորություն կտա նաև քաղաքացիներին կամավոր աշխատանքի արդյունքում ձեռք բերել մասնագիտական փորձառություն և ապա հեշտությամբ աշխատանք գտնել: Միաժամանակ, կամավորների համար կամրագրվի կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր ունենալու հնարավորություն: Այդ տեղեկությունները կգեներացվեն տեղեկատվական թվային համակարգում, որը նաև կապահովի կամավորական աշխատանքի հետագծելիությունը: Արդյունքում՝ կապահովվի նաև աշխատանքի շուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն, ինչը կնպաստի աշխատաշուկայում անձանց մրցունակության բարձրացմանը»,-ասել է նախարարը:

 

Կարևորելով օրինագծերի ընդունումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն հնարավորություն կտա լուծել ոլորտում առկա մի շարք հարցեր: «Առաջին՝ այն կխթանի աշխատանքի շուկա նոր ուժերի ներգրավմանը: Բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է լինում աշխատանքային փորձառություն: Այսպիսով՝ կամավոր աշխատանքը կհամարվի նաև մասնագիտական փորձառություն աշխատանքի ընդունվելու պարագայում: Հաջորդ առանձնահատկությունն այս նախագծի մշակութային և քաղաքակրթական կարևորությունն է՝ հանրային համերաշխության և հանրային փոխօգնության առումով: Կամավոր աշխատանքը կարող է լինել խնամքի կենտրոններում, առողջապահական հիմնարկներում և այլ վայրերում»,-ասել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև դրական այս բարեփոխումը չարաշահումների սիրահարների համար գործելու հարթակ չստեղծելու անհրաժեշտությունը. «Այդ առումով հանձնարարել եմ ստեղծել կամավորությունը թվային հետագծելիության մեխանիզմ: Կստեղծվի նաև կամավորության պատմության շատ կարճ ֆորմալ հաշվետվողականության որոշակի մեխանիզմ: Գաղափարը հետևյալն է՝ կամավորը կստանա որոշակի կոդ, վերջինիս համար կբացվի վիրտուալ տարածք, որտեղ նա կնկարագրի, թե որտեղ, ինչ աշխատանք է իրականացրել»: