Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի նախագիծը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր օրենքի նախագծում անդրադարձ կա բոլոր ոլորտներին։ «Նախորդ ժամանակահատվածում հավաքագրված գրեթե բոլոր խնդիրներին անդրադարձ կա, և որոշակի լուծումներ կան։ Այս օրենքի ընդունումից հետո Երևանի ավագանին շատ մեծ անելիք ունի։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Երևանի ավագանու խմբակցությունների հետ խոսենք և քննարկենք հենց ավագանու կողմից ընդունվելիք որոշումները։ Կարծում եմ, որ պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում առաջ շարժվենք և ապահովենք նաև կոմունիկացիան կառավարության մեր գործընկերների հետ»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց հնարավորինս արագ կազմակերպել բոլոր հնարավոր քննարկումները, որպեսզի օրենքի նախագծի ընդունման գործընթացը մաքսիմալ արագ լինի։