Հետևեք մեզ։

Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան. «Ազատություն»

18:26, 04 մարտ 2024
Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան. «Ազատություն»

Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, Երևանը պետք է կողմնորոշվի՝ իր անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Ըստ նրա՝ Հայաստանն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի։

 

«Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամը։

Երևանը ոչ այս, ոչ էլ ՀԱԿՊ-ից դուրս գալու հարցով դեռ որոշում չունի, վստահեցնում է իշխանական պատգամավորը: Միևնույն ժամանակ Գագիկ Մելքոնյանը չի բացառում՝ եթե Հայաստանը շարունակի այժմյան քաղաքականությունը, կհեռացվի Մոսկվայի առաջնորդած դաշինքից:

 

«Այդ ամեն ինչը քննարկվում է, այդ քննարկումից հետո կերևա՝ իրե՞նք են մեզ դուրս հանելու, թե՞ մենք ենք դուրս գալու։ Բայց ժամանակ կա, որովհետև քննարկումները դեռ գնում են», - շեշտեց իշխանական պատգամավորը։