Երկրապահ կամավորականների միությունը 90-ականներից կար, և 1993-ին այն ձևավորել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը, այդ համագումարն է տեղի ունեցել։ Սպարապետի ժամանակ մենք կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը։ Այսօր էլ Երկրապահն իր գործն է անում։
Այս մասին Եռաբլուրում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանը։
«Ես ուզում եմ մեր ժողովրդին դիմեմ, որ էսօրվա էս ծանր վիճակում` թե ներքաղաքական իրավիճակում, թե արտաքին` գերտերությունների դասավորվածության պարագայում պետք է մի քիչ խելոք լինենք, համախմբված լինենք, որ հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք», -ասաց Միքայելյանը։
Հարցին, թե խելոք լինել ասելով ի՞նչ նկատի ունի` թշնամին կրակի, մենք լռենք, Սասուն Միքայելյանն ասաց. «Թշնամու կրակոցի հետ դուք գործ չունեք, կրակոցի դեմ կանգնած է մեր բանակը, էդ ձեր խնդիրն է կրակոցի մասին էսեղ խոսել»։
Հարցին, թե ԵԿՄ -ի դեմ չէ՞ր Ռազմական ոստիկանության հաղորդագրությունը, թե Ներքին Հանդում կրակոց արձակողի լուրը կուսումնասիրվի և կենթարկվեն պատասխանատվության, Սասուն Միքայելյանն ասաց. «Ինձ մի ներվայնացրեք։ Դա արտաքին քաղաքականության համար էր։ Բայց էդ տղուն բռնե՞լ են, էդ տղեն ինձ հետ հետ է եկել Ներքին Հանդից։ Այ դրա համար եմ ասում` պետք է զգույշ լինենք, դուք Երկրապահի համար մի անհանգստացեք»։