Հետևեք մեզ։

Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են Բաքվում ապօրինաբար ազատազրկված արցախցի պաշտոնյաներին․ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար

12:16, 06 մարտ 2024
Կարմիր Խաչի աշխատակիցները այցելել են Բաքվում ապօրինաբար ազատազրկված արցախցի պաշտոնյաներին․ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար

Փետրվարի վերջին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Բաքվում գտնվող հայազգի անձանց, որոնց մասին ադրբեջանական կողմը տեղեկություն է հայտնել։

Այս մասին ադրբեջանական APA-ի հարցմանն ի պատասխան ասել է ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Նա տեղեկացրել է, որ նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։

«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է նման այցելությունների ընթացքում կալանավորված անձանց վերաբերմունքը և պահման պայմանները: ԿԽՄԿ-ն նաև նպաստում է անձանց ընտանիքների հետ հարաբերությունների վերականգնմանը կամ շարունակմանը: ԿԽՄԿ ընթացակարգերին, դիտարկումներին և առաջարկություններին համապատասխան տեսակցությունները կատարվում են միայն կալանավորող կողմի հետ»,- նշել է Հուսեյնովան։