Հետևեք մեզ։

Դուք հերոսի՞ն էլ եք խաբում․․․ Վազգեն Սարգսյանից պետք է միայն ներողություն խնդրել և չներվելու ակնկալիքով

00:52, 07 մարտ 2024
Դուք հերոսի՞ն էլ եք խաբում․․․ Վազգեն Սարգսյանից պետք է միայն ներողություն խնդրել և չներվելու ակնկալիքով

Նախօրեին Հայաստանի պետականության գործում անուրանալի ավանդ ունեցող մարդու՝ Վազգեն Սարգսյանի ծնունդն էր․ միջոցառումների շղթան ավարտվեց Սուրեն Պապիկյանի ելույթի վերջին տողով՝ Սպարապե՛տ, վստահ եղիր, որ քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը։

Աստված մարդուն չափազանց շատ զգայարաններով է օժտել, որոնք ոչ մի օրենսգիրք չի կարող դասակարգել, ոչ մի մարդ չի կարող նկարագրել․ կան բաներ, որոնք կա՛մ զգում ես, կա՛մ՝ ոչ։ Սուրեն Պապիկյանի ասածը հետմահու խաբեություն է, այստեղ զրոյացած են խիղճը, միտքը, բանականությունը, գիտակցությունը, ազգայինը, ամոթը․․․, ամեն, ամեն բան․․․


Այս ամենից ցանկացածի առկայության դեպքում Սուրեն Պապիկյանը պետք է ներողություն խնդրեր Վազգեն Սարգսյանից՝ նրա ու նրա ընկերների, նրան հավատացողների ստեղծած հայկական երազանքը ոչնչացնելու, Ադրբեջանի կազմում ճանաչելու համար, կարող էր անգամ չթվարկել, թե ինչի համար է ներողություն խնդրում, ովքեր են մեղավոր և այլն, պետք էր ներողություն խնդրել, որովհետև երբ ինքը Պաշտպանության նախարար է Արցախը չկա,  Վազգեն Սարգսյանից իր ծննդյան օրը պետք էր ներողություն խնդրել, որովհետև Սպարապետի 65-ամյակին ընդառաջ Արցախը չկա, որովհետև առաջին անգամ է, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ Արցախից շնորհավորանքներ չեն հնչում։  Սա Վազգեն Սարգսյանի առաջին ծնունդն էր առանց հայկական երկրորդ պետության։

Ինչ հատկանիշ պետք է ունենալ, որ այսքանից հետո բարձրանաս բեմ ու առանց ամաչելու արտաբերես վերը նշված տողերը, որոնք անգամ կրկնելն է դժվար․․․ Սպարապետից պետք է միայն ներողություն խնդրել և չներվելու ակնկալիքով։


Պատասխանն անհնար է գտնել, թե ի՞նչն էր դրդել Սուրեն Պապիկյանին ասել այդ տողերը, Շուշիում Վազգեն Սարգսյանի պղծված ու գետնին ընկած կիսանդրի՞ն․․․ Դուք հերոսի՞ն էլ եք փորձում խաբել․․․

Պապիկյանի այս կարճ տողը աչքիդ առաջ են բերում հայկական պետությունների նեղացող քարտեզը, դրան զուգահեռ մեծացած Եռաբլուրը, Քարվաճառի ծխացող տանիքները, ընկած Շուշին, Արցախի հայաթափումը, պղծված Ղազանչեցոցը, Սյունիքում ադրբեջանական դրոշը, այցելուներ չունեցող շիրիմները, ավերակի վերածվող Ստեփանակերտը, Հայաստանի անորոշ ապագան, համայն հայության երազանքի կորուստը․․․


Վեց տարի է պետք այս ամենը թվարկելու համար, ու հարց է առաջանում՝ Պապիկյանն իրեն Պենտագոնի ղեկավա՞ր է զգում, թե այլ բան, որն անձնական գաղտնիք է։

Չգիտեմ, թե ով է գրել Սուրեն Պապիկյանի ելույթը, բայց նա հաստատ բարի կամքով չի գրել և վստահ է եղել, որ այդ տողերի իմաստը Պապիկյանը կամ չի ընկալի, կամ իրեն թվում է, որ ինքը ճիշտ է։ Ասեմ, լավ է Ֆրանսիայից զենք ձեռք բերելը, Հնդկաստանից և այլն, Հունաստանի հետ խոսել այդ մասին, ՆԱՏՕ-ի անդամ պետության պաշտպանության նախարարի այցը Հայաստան երևի լավ է, հետո կերևա արդյունքը կամ հետևանքը, բայց Վազգեն Սարգսյանի ցանած սերմերն այդ մասին չէին հաստատ։ Կարդացեք, միայն նրա լուսանարը պատին փակցնելով չէ։

Այս ելույթի քաղաքական մաս էլ կա․ պատկերացնենք, որ Պապիկյանն իր ասածի իմաստն իրոք չի հասկանում, և պատկերացրեք Հայաստանին սպառնացող վտանքները, որոնց մասին անգամ իրենք են խոսում։


Բայց, որ լուրջ հարցերին Պապիկյանը չտրամադրվող մտքեր ունի, ապացուցում է նաև այն, որ նա բանակում զոհերի թիվը Հայաստանում ավտովթարների հետևանքով մահերի թվի հետ էր համեմատում, դե որովհետև բանակում դանակահարության համար դատապարատված Պապիկյանը դժվար զոհերի հետևանքների մասին այլ պատկերացում ունենա։


Ինչևէ․ հիմնավոր իրավիճակ այս պահին չկա, լավատեսություն՝ նույնպես, բայց Վազգեն Սարգսյանի հիշատակն արժանի է, որ ոչ մի իշխանություն չկարողանա հողում թաղել նրա ցանած սերմերը․․․

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական