Հետևեք մեզ։

Կառավարությունը հավանություն է տվել Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին

11:38, 07 մարտ 2024
Կառավարությունը հավանություն է տվել Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Հաջորդ քայլով միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով Կառավարությունը կդիմի Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, իսկ ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու պարագայում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողով:

2018-ին Հայաստանը Հունաստանին առաջարկել է համաձայնագիր կնքել ռազմատեխնիկական համագործակցության հարցերով, իսկ 2023-ի դեկտեմբերի 14-ին այն ստորագրվել է Հայաստանի ու Հունաստանի պաշտպանության նախարարների միջև։

Համաձայնագրով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

«Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով։