Հետևեք մեզ։

Մեր ժողովուրդը մեզ գործուղել է այստեղ, որպեսզի մեր պետությունը դարձնենք ավելի հզոր, ավելի ամուր, ավելի կենսունակ․ Գևորգ Պապոյան

12:08, 07 մարտ 2024
Մեր ժողովուրդը մեզ գործուղել է այստեղ, որպեսզի մեր պետությունը դարձնենք ավելի հզոր, ավելի ամուր, ավելի կենսունակ․ Գևորգ Պապոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին:

Վարչապետը շնորհավորել և հաջողություն է մաղթել Գևորգ Պապոյանին նոր կարգավիճակում գործունեության ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում առկա տնտեսական ակտիվությունը և ձևավորված պոտենցիալի հետագա զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Կառավարության համար: 

Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և քաղաքական թիմին՝ բարձր և շատ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: Նորանշանակ նախարարը հավաստիացրել է, որ նախարարություն է եկել՝ իրագործելու բոլոր այն ծրագրերը, գաղափարները և այն հանձնառությունները, որոնք ստացել են ժողովրդից: «Իսկ մեր ժողովուրդը մեզ գործուղել է այստեղ, որպեսզի մեր պետությունը դարձնենք ավելի հզոր, ավելի ամուր, ավելի կենսունակ, և այդ առումով, իհարկե, կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարության դերակատարումն առանցքային է, որովհետև այո, մի շարք խնդիրների լուծում հենց տնտեսության զարգացման մեջ է գտնվում:

Եվ այդ առումով կցանկանայի, որ բոլորս, ով այս նախարարությունում աշխատում է՝ առավել ևս, վերաբերվենք մեր աշխատանքին՝ որպես ծառայություն մեր ժողովրդին և պետությանը, և որպես առաքելություն, որի շրջանակներում պետք է մեզնից հետո փոխանցենք շատ ավելի ամուր և շատ ավելի դիմակայուն պետություն: Եվ այս առումով, կարծում եմ, որ մենք արդեն իսկ մեր աշխատանքների վերաբերյալ որոշակի ուղենիշներ ունենք, որոնք տնտեսության մեջ որակական փոփոխություններն են, դա մեր տնտեսության դիվերսիֆիկացիան է և այլն: Դիվերսիֆիկացիայի մասին մեր պատկերացումները շատ հստակ են: Վերջնարդյունքը պետք է այնպիսին լինի, որ ինչպես մենք պետք է աշխարհի բոլոր անկյուններից կախված լինենք, այնպես էլ վերջնարդյունքում ինչ-որ մի պահի աշխարհի բոլոր անկյուններն էլ մեր չափով մեզնից կախված լինեն:

Սա շատ կարևոր, միգուցե՝ ամբիցիոզ գաղափար է, բայց երևի աշխարհի երկրների ընտանիքում մեր ուրույն տեղն ու անելիքն ունենալու համար այլընտրանք գոյություն չունի: Այս առումով, կարծում եմ, որ մեր կառավարությունը մի շատ կարևոր քաղաքական հանձնառություն է որդեգրել՝ դա առաջնորդության գաղափարն է: Կարծում եմ, որ տնտեսական քաղաքականության մեջ նույնպես պետք է առաջնորդություն վերցնենք մեզ վրա: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մենք ոչ թե պետք է արձագանքենք արդեն իսկ եղած երևույթներին և փորձենք դրանց հարմարվել կամ լուծումներ գտնել, այլ լինենք նախաձեռնող և ինքներս կանխատեսենք դրանք, ընդառաջ գնանք դրանց: Այդ դեպքում, թերևս հնարավոր բարդությունները չեն լինի կամ չեն լինի այն աստիճանի, որոնք կարող էին իներտության դեպքում դրսևորվել»,- ասել է Գևորգ Պապոյանը և գործընկերներին կոչ արել՝ մշտապես լինել պրոակտիվ, նոր գաղափարներ առաջարկել: