Հետևեք մեզ։

Հունաստանի վարչապետը Ռուսաստանին անվանել է «Եվրոպայի թշնամի»

17:20, 07 մարտ 2024
Հունաստանի վարչապետը Ռուսաստանին անվանել է «Եվրոպայի թշնամի»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովում Ռուսաստանին անվանել է Եվրոպայի «թշնամի» և խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, քանի դեռ դա կպահանջվի», նրա ելույթը ցուցադրել է Հունաստանի հանրային ERT հեռուստատեսությունը։


«Եվրոպայի համար այս մութ պահին մենք ցույց տվեցինք մեր վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային միասնական ճակատով, ինչը մեր թշնամիները գուցե չէին սպասում: Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային տնտեսապես և ռազմական առումով», - ասել է Միցոտակիսը:


Իր ելույթում Միցոտակիսն անդրադարձել է երեկ Օդեսա կատարած այցին։ Նա հայտարարել է, որ «ռուսական հրթիռը խոցել է նավահանգիստը, երբ մենք (Վլադիմիր Զելենսկին և ինքը. խմբ.) այցելում էինք նավահանգիստ՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը չի ազդի Կիևին աջակցելու իր դիրքորոշման վրա։


«Դուք մեզ չեք վախեցնի, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային... այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Եվ, իհարկե, մենք կմնանք բացարձակապես միասնական այս որոշման մեջ», - ասել է Միցոտակիսը:


Վարչապետը նաև ասել է, որ Հունաստանը կարևոր դեր է խաղում Եվրոպայի ինքնավարության և ինքնիշխանության մեջ և մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ում։ «Մենք կցանկանայինք խրախուսել բոլոր մյուս երկրներին հասնել ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի նվազագույն մակարդակին՝ 2 տոկոս, որպեսզի մենք կարողանանք ուժեղացնել մեր պաշտպանությունը»,- հավելել է Միցոտակիսը։