Հետևեք մեզ։

Իմ անձնական տպավորությամբ՝ խնդիրը ադրբեջանական կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը. Արարատ Միրզոյան

11:17, 09 մարտ 2024
Իմ անձնական տպավորությամբ՝ խնդիրը ադրբեջանական կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը. Արարատ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։

 

Հարց. Եղել են շատ հարթակներ, որոնք փորձել են Հայաստանին ու Ադրբեջանին բերել մի սեղանի շուրջ. Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան փորձել են դա անել։ Հասկանում եմ, որ երկար ժամանակ թշնամանք է եղել երկու երկրների միջև, ուստի պարզամիտ կամ շատ լավատեսական կլինի մտածել, որ դիվանագիտությունը կարող է միանգամից նպաստել թշնամանքի վերացմանն ու կառուցողական քննարկումներին։ Այդուհանդերձ, ո՞ր հարթակներն եք Դուք համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար։  

 

Պատասխան. Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրն, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը։ 

Հարց. Թուրքիայի հետ քննարկե՞լ եք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն կողմերին միավորել որոշ հարցերի շուրջ։

 

Պատասխան. Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերվում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում։ 

Վերլուծական