Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզի Խաչիկ բնակավայր, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ: Վերջիններս վարչապետին շնորհակալություն են հայտնել պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնելու և երաշխավորության հետևանքով առաջացած իրենց վարկային խնդիրներին լուծում տալու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը մեկանգամյա քաղաքական որոշման է գնացել և հորդորել այլևս չիմացության կամ այլ պատճառներով նման խնդրի առաջ չկանգնել: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության որոշմամբ հնարավորությունները կբացվեն, այդ թվում՝ Խաչիկ սահմանամերձ գյուղում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունն ապահովելու համար:
Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել նաև Ելփին բնակավայրում՝ զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել տարբեր հարցերի, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, ոռոգման ջրի, այլ սոցիալական թեմաների: