Հետևեք մեզ։

Անհետ կորած 8 հայ անձանց գործեր ներկայացվել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբին

14:31, 11 մարտ 2024
Անհետ կորած 8 հայ անձանց գործեր ներկայացվել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբին

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» մարտի 5-ին անհետ կորած անձանց հարազատների անունից գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբին: 

 


Գործերի մեջ ներառված են հայտարարություններ, որտեղ մանրամասնորեն նկարագրված են 8 անձանց անհետացման հանգամանքները,  ինչպես նաև շրջափակման  և սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ Արցախում տիրող ընդհանուր իրավիճակը: Գործընթացին մասնակցած հարազատների թվում եղել են անհետ կորածների կին, մայր, քույր, եղբայր և որդի:

 

Կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գլխավոր նպատակը հնարավոր իրավական մեխանիզմների գործադրմամբ՝ այս անձանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալն է, և ողջ լինելու պարագայում՝ նրանց հայրենադարձնելը: 


«ԴՆԹ թեստերը հանձնված են, և քանի որ մինչ օրս որոնողական աշխատանքների արդյունքում նրանց դիերը հայտնաբերված չեն, ողջամտորեն կարելի է ենթադրել, որ նրանք բռնի անհետացման են ենթարկվել»,- նշեց Սահակյանը:


Անհատական դեպքերի շրջանակներում միջազգային կառույցներում ընթացակարգ է բացվում, նրանք տեղյակ են պահում կառավարությանը՝ որոշակի հարցադրումներ ուղղելով: Ստանում են տեղեկատվություն ու դրանով փորձում են պարզել ճակատագրերը: 


Ըստ իրավապաշտպանի՝ Ադրբեջանը շատ հաճախ մերժողական պատասխաններ է տալիս, պնդումներ է ներկայացնում, որ այդ անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի:


«Բայց նրանց մերժումը այդքան էլ կարևոր չէ, որովհետև գնահատական տվող անկախ միջազգային մեխանիզմ կա, և մենք պետք է սպասենք, տեսնենք, թե միջազգային մեխանիզմները ինչպիսի մոտեցումներ են ձևավորում դեպքի վերաբերյալ», - նշեց Սահակյանը՝ հավելելով, որ եթե պատասխանող երկիրը չի համագործակցում, ապա միջազգային կառույցներն այս դեպքերը նաև ներառում են իրենց զեկույցներում և կարող են հասցնել մինչև Մարդու իրավունքների խորհրդի քննարկումներ: