Հետևեք մեզ։

Դատական համակարգում միակ մարդը, որը լրատվամիջոցի հետ կապ ունի, Կարեն Անդրեասյանն է․ դատավոր Դավիթ Հարությունյան

14:56, 07 ապրիլ 2023
Դատական համակարգում միակ մարդը, որը լրատվամիջոցի հետ կապ ունի, Կարեն Անդրեասյանն է․ դատավոր Դավիթ Հարությունյան

Միակ մարդը, որը լրատվամիջոցի հետ կապ ունի, Կարեն Անդրեասյանն է։ Այս մասին այսօր՝ Դատավորների ընդհանուր ժողովից առաջ, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ԲԴԽ-ի երեկ տարածած հաղոդրագրությանը, որը հերքում էր Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին հրապարակումն ու գնահատականներ ու որակումներ հնչեցնում, որն անկհայտ խախտում էր ԲԴԽ-ի անաչառությունը։ Հաղորդագրության տակ ստորագրած էր ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանի անունը։

 
«Նախ ես այդ հայտարարության աղբյուրին եմ ուզում անդրադառնալ, այնտեղ նշված է որպես հեղինակ ԲԴԽ մամուլի կապերի պատասխանատուն, ում ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորում եմ։ Շաբոյանը, համոզված եմ, որ այդ հայտարարության ու տողերի հեղինակը չէ, ես չեմ  կարծում, թե նա որևէ դատավորի կասեր, թե ինչ-որ մի լրատվամիջոցի հետ մերձավոր կապ ունի։ ԲԴԽ-ում, դատական համակարգում միակ մարդը, ով լրատվամիջոցի հետ կապ ունի, Կարեն Անդրեասյանն է, բոլորս բաց աղբյուրներից գիտենք։ Ինձ այլ դատավոր այդպիսին հայտնի չէ, ես վիրավորական եմ համարում որևէ թեկնածուի հասցեին նման հայտարարություն անելը Դատավորների ընդհանուր ժողովից մեկ օր առաջ»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

 Դիտարկմանը, թե հնարավո՞ր է Արշակ Վարդանյանին նկատի ունեն, որը ԲԴԽ անդամի երեք թեկնածուներից մեկն է, Դավիթ Հարությունյանն ասաց․ «Ես Արշակ Վարդանյանին կբնորոշեի որպես անկախ դատավոր, իսկ այս հայտարարության հեղինակը բարեվարքության հետ կապված խնդիրներ ունի, լուրջ»։

Նշենք, որ ԲԴԽ-ն երեկ հայտարարություն էր տարածել կոնկրետ նպատակաուղղված և իր կարծիքն ու որակումն էր տվել կոնկրետ դատավորի, որը, հավանաբար, ԲԴԽ-ին չի ենթարկվում, այլ օրենքին։ Հայտարարությունում, որի տակ Շաբոյանի անունն է, գրված էր․ «Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա: Այսինքն` ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը»: