Ես դիմել եմ Ազգային ժողովին, Կառավարությանը, թող ամեն տեղից մարդիկ կան,Մշակույթի տանը նստենք, հասկանանք ինչ իրավիճակ է, հասկանանք՝ ինչին դիմադրենք, ինչին՝ չէ։ Հիմա համայնքի ղեկավարը ոչ մի հարցում չի բանակցում, ասենք՝ նիստ անի արտահերթ, կամ մարդ հրավրիր։
Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։
Հարցին, թե ի՞նչ իրավիճակ է տեղում, Զեյնալյանն ասաց, որ իրավիճակը նորմալ է, մարդիկ իրենց բնական կյանքով ապրում են։
Հարցին, թե որ մասում են ադրբեջանցիները, Զեյնալյանն ասաց․ «Մեր համայնքում են ադրբեջանցիները, ես շատ եմ ուզում մոտենալ, բայց ոստիկաններն արգելում են, չգիտեմ, սեփական հողում դարձել ենք կալանավոր»։
Հարցին, թե իրե՞նց հողերի վրա են , ասաց․ «Կոնկրետ իմ հողի վրա են, կան տեղեր՝ առաջընթաց կա, բայց հիմնակում կադաստրային վկայականով մեզ պատկանող հողում իրենք դրոշը խփել են»։
Հարցին, թե ԱԱԾ-ն բարելավման մասին էր հայտնել, ի՞նչ բարելավում է, Զեյնալյանն ասաց՝ մի փոքր հետ գնացել են։
Ավագանու անդամը նշեց նաև համայնքի բնակիչների խնդիրների մասին․ «Մեր համայնքը սահմանապահ է, գյուղի մեծ մասը Արցախի ՀԷԿ-երում էր աշխատում, պատերազմից հետո դարձավ գործազուրկ, անգամ վարկ չեն կարողանում վերցնել»։
Ինչ վերաբերում է հայկական կողմի հենակետերին, Զեյնալյանն ասաց, որ սահմանապահ ոստիկանները մեքենաների մեջ են գիշերում, հենակետ չկա, ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա նրանք վրաններ են տեղակայել, փայտ ունեն, ամեն ինչ արված է։