Հետևեք մեզ։

Փաշինյանը հայտնեց՝ ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվածություն ունեն կարճ ժամանակում վերադարձնել մոլորված և հակառակ կողմում հայտնված զինվորներին

13:26, 12 մարտ 2024
Փաշինյանը հայտնեց՝ ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվածություն ունեն կարճ ժամանակում վերադարձնել մոլորված և հակառակ կողմում հայտնված զինվորներին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը վերջերս Ադրբեջանին վերադարձրել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին:      

  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`վարչապետը թեմային անդրադարձավ ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դրա դիմաց ոչ մի հայ գերի չվերադարձվեց:

 

«Շատ վաղուցվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և, ըստ էության, շարունակում է գոյություն ունենալ պայմանավորվածություն, որ այն զինվորները, որոնք մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են: Այս պայմանավորվածությունը մի X պահից՝ 2018 թվականից առաջ և հետո էլ խախտվել է: Պարզվել է, որ դրա ընկալման շուրջ կան տարբերություններ: Այն զինծառայողների կամ անձանց դեպքում, ովքեր կամ դիտավորյալ են խախտել, կամ թեկուզ մոլորվելու ընթացքում գործել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավորվում են Քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ, հասկանալիորեն կա բարդություն՝ այդ խնդիրը լուծելու համար: Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում փոխադարձաբար վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, պետք է վերադարձնենք»,-ասաց Փաշինյանը:

 

Այսպիսով՝ վարչապետը նշեց, որ վերադարձի վերջին դեպքով այդ պայմանավորվածությունը պրակտիկայում վերակենդանացնելու քայլ է արվել Հայաստանի կողմից: Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արվել է քննություն, քննության արդյունքում է պարզվել, թե արդյոք անձը անցել է դիտավորյա՞լ, թե՞ շփոթմունքով, Հայաստանի տարածքում հայտնվելով կամ մինչև դա արդյո՞ք այլ արարքներ գործել է, որոնք ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքով:

 

«Դա արվում է որպես ներդրում այդ բարձրագույն  մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները հետագայում կյանքի կոչելու համար: Մենք չգիտենք, թե հաջորդ զինվորը որ կողմից կլինի:  Ես վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, որ, եթե նման դեպք լինի, մենք հավատարիմ ենք մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը»,-ասաց Փաշինյանը:

 

Անդրադառնալով հարցին, թե ինքը համոզվա՞ծ է արդյոք, որ ադրբեջանական կողմը նույնպես հավատարիմ կմնա պայմանավորվածությանը՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ հայ զինվորները չեն շփոթվի ու հակառակ կողմում չեն հայտնվի: «Եթե հանկարծ այդպիսի դեպք լինի, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում: Դա արվել է այդ նպատակով, այդ օբյեկտիվ իրողությունից ելնելով: Որևէ մարդու կալանքի տակ պահելու համար պետք են իրավական հիմքեր, եթե այդ հիմքը չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, պահել կալանքի տակ կամ պահել որպես պատանդ, դա մեր երկրի գործելակերպը չէ»,-վստահեցրեց Փաշինյանը: