Հետևեք մեզ։

Ինչի՞ն պետք է վերջ տալ․ հոկտեմբերի 2-ին ընդառաջ

01:27, 01 հոկտեմբեր 2024
Ինչի՞ն պետք է վերջ տալ․ հոկտեմբերի 2-ին ընդառաջ

Չգիտեմ՝ մտածված է, թե ոչ, բայց «Սրբազան պայքարի» մեծ հանրահավաքը հոկտեմբերի 2-ին հրավիրելն իր մեջ խորհուրդ ունի։

Պատմության քրոնիկան հուշում է, որ 2018-ին էյֆորիայից դուրս գալու առաջին սառը ցնցուղը հենց հոկտեմբերի 2-ին էր․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջափակել էր ԱԺ շենքը, և փողոցում ազատում էր կոալիցիոն կառավարության ոչ ՔՊ-ական նախարարներին։ Գործադիր-օրենսդիր այս քաղաքական շրջափակումները մի օր չափազանց հասկանալի էին դառնալու, երբ վարչապետը՝ գործադիր իշխանության ղեկավարն անձամբ շրջափակելու էր դատարանների դռները։  

 

Փաշինյանական հակասությունների շղթայում չհայտնվելու համար վերադառնանք հոկտեմբերի 2-ի կարևորությանը։

 

Ոչ միայն Բագրատ Սրբազանը, այլ նաև քաղաքական, հասարակական և այլ համայնքներ հաստատ իրենց վերլուծությունն արել են մայիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ոմանք չեն գտել իրենց անձնական շահը և որոշել են այլ ձևաչափով գործել, որտեղ կփորձեն սպասարկել իրենց անձնական շահը Արցախ գոռալով, ոմանք ունեն անձնական հակասություններ, ոմանք չեն հասնում նշաձողին, ոմանք առավել քան համոզվել են, որ Սրբազանն ավելի քան ազնիվ է, քան այդ մասին խոսվում է, և պետք է լինել նրա կողքին, ոմանք էլ որոշել են իրենց տան սենյակում զինվորական պատկերով շապիկ հագնել ու խոսել հեռախոսի էկրանի դիմաց։ Ամենքն իր խանգարելու ու օգնելու մեխանիզմն է ընտրել։

 

Այստեղ, այս պառակտման մեջ իր մեծ ներդրումն ունի իշխանությունը․ թվում է՝ Հայաստանում դասակարգման բոլոր ձևերը կան, հնարավոր բոլոր շերտերում պառակտում կա՝ հոր ու զավակի, կնոջ և ամուսնու, քույրերի, եղբայրների ու բոլորի միջև։ Եվ, այդ իրականության մեջ հայտնվում է մարդ, ումից լավ ոչ ոք այդ պառակտումը վերացնել չի կարող, դրա վկայությունը Հանրապետության լեփլեցում հրապարակներն էին։

 

Բագրատ Սրբազանը ֆենոմենալ մարդ է, նրա կենսագրությունը դիտելիս, հասկանում ես, որ ամաչում ես «գնահատել» նրա գործունեությունը։ Քաղաքական հեռատեսությունը, կատարած աշխատանքը․․․ «Սրբազան պայքարին» աջակից էջերում պտտվում է մի տեսագրություն, որտեղ Սրբազանը 2010-ին Կանադայում խոսում է Արցախի ցեղասպանությունը կանխելու մասին։ Ցավոք, դա եղավ և չկանխվեց, իսկ Բագրատ Սրբազանը խոսել էր այդ մասին բռնի տեղահանումից 13 տարի առաջ, և նշել անգամ կանխելու ձևերը։ Այնինչ, 2020-ի սեպտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել և այդպես էլ չպարզվեց, թե ինչից էր խոսել 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ, որ անգամ իրենք որոշեցին դա չցուցադրել։ Որքան էր մեծ քաղաքական անհեռատեսության չափաբաժինը։

 

 Տավուշը․․․ կասե՞ք մեկ այլ թեմ, որը համեմատելի է Տավուշի հետ։ Իր մասին ֆիլմում Սրբազանը պատմել է, թե ինչպես է հրաժարվել Լոնդոն հոգևոր ծառայության մեկնելուց և առաջարկել է մեկնել Տավուշ։ Կբերե՞ք ձեզ հայտնի երկրորդ օրինակը։

 

Հիմա․ վեց տարի շարունակ սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով փողոց դուրս եկած ու տուն գնացած մարդիկ, թվում է, թե այլևս չէին գտնի այն մարդուն, ով իրեն մեծ հավատով դուրս կբերի փողոց։ Պարզվեց՝ Կիրանցը կայծն էր․ Բագրատ Սրբազանին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց փողոց դուրս բերել մի քանի տասնյակ հազարավոր մարդու, ընդ որում, դա անել բացարձակ ոչ նյութական ձեռագրով, ինչպես 2018-ին արվում էր։

 

Իշխանական քարոզչամեքենան ոչինչ չի գտնում Բագրատ Սրբազանին վարկաբեկելու համար․ մեկնաբանությունները՝ պաշտոնական ու ոչպաշտոնական նույնն են՝ անհիմն, ծեծված, պիղծ, կեղծ, թշնամաբար, ահաբեկված, որ մի օր պետության՝ «հերոս» հարկատուների հաշվին չեն ապրելու։

 

Հոկտեմբերի 2-ը կարևոր օր է, 2018-ի մայիսից հետո այդ օրն առաջինն էր, որ ոմանք արթնացան։ Չգնալ ու քննադատելուն, քարոզչական թեզերի ազդեցության տակ ընկնելուն, չլսել ու վերլուծելուն պետք է վերջ տալ, պետք է գնալ, մասնակցել, ձախողումների համար պահանջել, եթե Հրապարակ գնալուց հետո դրանք լինեն։

 

Բագրատ Սրբազանի պարագայում հսկայական քարոզչամեքենային չի հաջողվել անգամ կասկած առաջացնել, որ նրա այս խոսքերը թեկուզ մեկ տոկոսով ազնիվ չեն․ «Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ էս հրապարակում, կարևոր չի։ Ես ոչ մի քայլ ետ դնելու ճանապարհ չեմ տեսնում ինձ համար, այլընտրանք էլ չկա»։ 

 

Դասեր է պետք քաղել, որը չի արվում, հասարակությունը, անգամ քաղաքական որոշ ուժեր երկու տարի առաջ չէին հավատում, որ մի օր Արցախում հայ չի մնա։ «Ծրագիր չի ներկայացվում»-ը կեղծ թեզ է, ծրագիր բազմիցս ներկայացվել է։ Դա բոլոր ժամանակների իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու ձևերից մեկն է, բայց մեկ հիշեցում այդ շղարշի տակ թաքնվողներին․ ՔՊ-ն իր ծրագրում գրել էր, թե Արցախը վերադառնալու է բանակցային սեղան, իրենք ո՞վ են, որ Արցախի ճակատագիրը որոշեն։ Հարցեր չկա՞ն ՔՊ-ին, ծրագիր պահանջողներ։

 

Հոկտեմբերի 2-ը կարող է իր մեջ երկրորդ՝ այս անգամ պետականամետ խորհուրդ ունենալ։