Հետևեք մեզ։

Եթե ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից. Նիկոլ Փաշինյան

14:00, 12 մարտ 2024
Եթե ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից. Նիկոլ Փաշինյան

Պետք չէ քաղաքական որոշումն ու դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք։ Այս ամսին ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է դա նշանակում․ նշանակում է, որ մենք նիստերին չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք։ Դա դե յուրե որոշո՞ւմ է, թե՞ դե յուրե որոշում չէ։ Հարց չի ծագո՞ւմ՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի, ինչո՞ւ չի օգտագործում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու քվոտան, ինչո՞ւ կարծիք չի հայտնում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։  Բայց ինչքանո՞վ է մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ ազնիվ, ինչքանո՞վ է այն արդար և բարոյապես ճիշտ։ Այդ հարցին պատասխանելու համար մեր ասելիքը չի փոխվել։ Մենք խնդրում ենք, ակնկալում և պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել: Բոլոր պրոբլեմները ստեղծվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Այս հարցն էլ օդից չի ընկել։ Երբ տեղի են ունեցել 2021-ի մայիսի իրադարձությունները, պաշտոնապես արձանագրել ենք, որ կարմիր գիծը հատված է։ Հետո տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի, 2022-ի սեպտեմբերի իրադարձությունները»,- ասել է նա և նշեց, որ եթե ՀՀ ինքնիշխան տարածքը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է, ապա թող ցույց տան՝ որն է իրենց պատկերացրած ՀՀ ինքիշխան տարածքը։

«Ցույց չի տրվել ՀՀ ինքնիշխան տարածքը, և այսօր էլ այդ հարցը դրված է սեղանի վրա, եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այդ հարցին և պատասխանը կհամապատասխանի մեր պատկերացումներին, կնշանակի, որ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից»,- ասել է Փաշինյանը։