Այդ հարցն ավելի լավ է` ուղղել բրիտանացի պաշտոնյաներին։ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունը, թե Անգլիան պատրաստ է աջակցել Հայաստանին Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում։
«Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, տեղյակ եք, որ անցած տարի համագործակցության նոր ֆորմատ հաստատվեց` ռազմավարական երկխոսության ձևաչափը, ունեցանք մի շարք կարևոր այցեր։ Այդ երկրի հետ մեր հարաբերություններն ունեն նոր դինամիկա, ես այլ մեկնաբանություններ ներկայացնել չեմ կարող»,- ասաց փոխարտգործնախարարը և հարցին, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, կրկին ասաց՝ դիմել բրիտանացի պաշտոնյաներին։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ճանաչում է Հայաստանի իշխանությունների՝ ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում։