Հետևեք մեզ։

Հայաստանի ղեկավարության ներկայիս կուրսի շարունակությունը կարող է ռիսկեր ստեղծել հենց Հայաստանի ինքնիշխանության համար. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

17:57, 13 մարտ 2024
Հայաստանի ղեկավարության ներկայիս կուրսի շարունակությունը կարող է ռիսկեր ստեղծել հենց Հայաստանի ինքնիշխանության համար. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

ՌԴ ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները համարում է վերջնագիր և վիրավորական հռետորաբանություն, մինչդեռ Մոսկվան կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքը՝ ընտրել իր դաշինքները։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին՝ երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ։


«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնելու որևէ պետության ինքնիշխան իրավունքը` որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ միջազգային կամ տարածաշրջանային որոշակի կառույցների աշխատանքին մասնակցության աստիճանը` ելնելով իր ազգային շահերից, դա լիովին վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։


«Միևնույն ժամանակ, մեզ չի կարող չանհանգստացնել հակաարդյունավետ, վերջնագրային, երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր գերիշխում է կազմակերպության թեմայի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարություններում և սերմանվում հայ հասարակության մեջ»,- հավելել է նա։


Զախարովան նշել է, որ Մոսկվան տարակուսած է Հայաստանի ղեկավարության ցանկությամբ՝ քննարկելու ՀԱՊԿ արդյունավետության հարցերը «այս կազմակերպությունից դուրս, չնայած այն հանգամանքին, որ դրա համար կան փոխգործակցության բոլոր մեխանիզմները, ձևաչափերը և ուղիները»։

 

«Բայց նրանք բառացիորեն գերադասում են խուսափել առարկայական փորձագիտական ​​երկխոսությունից ՀԱՊԿ-ի տարածքում, միևնույն ժամանակ կազմակերպությունն ինքը բաց է և պատրաստ նման աշխատանքի համար»,- եզրափակել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


Նա ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի միջև առկա դաշնակցային հարաբերություններին և ռիսկեր ստեղծել հենց Հայաստանի ինքնիշխանության համար։