Հետևեք մեզ։

Կերկարաձգվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի գործողության ժամկետը. արվել են փոփոխություններ

14:37, 14 մարտ 2024
Կերկարաձգվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի գործողության ժամկետը. արվել են փոփոխություններ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, մասնավորապես՝ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շարունակականության ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Մասնավորապես՝ նախատեսվում է երկարաձգել ծրագրերի գործողության ժամկետը՝ մինչև 2026 թ.: Միաժամանակ նախատեսվում են որոշակի փոփոխություններ, որոնք կբարձրացնեն ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը։ Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից շարունակվելու են Մարզում հիփոթեքի աջակցության և Հիփոթեքի մարման աջակցության ծրագրերը՝ որոշակի փոփոխություններով։ Մասնավորապես՝ նախատեսվում է որպես ծրագրերում ընդգրկվելու պարտադիր պայման սահմանել այն, որ ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուի և նրա ամուսնու միակ սեփականությունը, ինչը հնարավորություն կտա իրականացնել շահառուների նպատակային խմբի ճիշտ ընտրություն։ Միաժամանակ առաջարկվում է 5 մլն դրամով բարձրացնել ձեռք բերվող/բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքի արժեքի նկատմամբ կիրառվող առավելագույն սահմանաչափը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը։

Որոշմամբ նաև առաջարկվում է սահմանել արտոնություններ և խրախուսել այն ընտանիքներին, ովքեր անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն առանձին բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում։ Միաժամանակ, կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հիփոթեքային վարկով անշարժ գույքը ձեռք են բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել/կառուցում են վերոնշյալ բնակավայրերում և վարկի գործողության ընթացքում ընտանիքում ծնվում է նոր երեխա։

Ծրագրի մեկնարկից՝ 2020 թ. հուլիսի 1-ից մինչ օրս աջակցություն է ստացել 9464 շահառու, որոնց վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ, որից 1530-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (1,343,679,289 դրամ), 2769-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (142,031,787 դրամ), 5165-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (5,181,052,543 դրամ)։ Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ ծրագրերն ունեն մեծ պահանջարկ և դրական են ազդում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա, ուստի անհրաժեշտ է ապահովել ծրագրերի շարունակականությունը։ 2023 թ. ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել 3,617 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2 մլրդ 661 մլն դրամ, որից 513-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (487,571,728 դրամ), 1075-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (46,153,396 դրամ), 2029-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (2,127,027,484 դրամ)։ Այս ցուցանիշները պայմանավորված են ծրագրերի շրջանակներում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրից երկրորդ անգամ օգտվող շահառուների թվով (2023 թ.՝ 246), ինչպես նաև 30 տարին չլրացած 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 4 մլն դրամ (2023 թ.՝ 47)։ Որոշման ընդունման արդյունքում 2024 թ. համար կպահանջվի շուրջ 1 մլրդ 281 մլն դրամ, որից 606 մլն դրամը նախատեսված է 2024 թ. պետբյուջեով, իսկ 675 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, ծրագիրը կունենա երկու բաղադրիչ. առաջինը՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, և երկրորդը՝ երեխայի ծնունդով պայմանավորված աջակցություն՝ հիփոթեքի վարկ մարող ընտանիքներին: Առաջին բաղադրիչով աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք ձեռք բերող շահառուին, և դա ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը: «Հիմնական պայմաններն են՝ շահառուն պետք է ունենա երկու անչափահաս երեխա: Ձեռք բերվող, կառուցվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի և նրա ամուսնու անվամբ: Աջակցության չափերը կազմում են ձեռք բերվող բնակարանի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ՝ յուրաքանչյուր երեխայի գծով: Աջակցության առավելագույն չափը կազմում է 2 միլիոն դրամ: Անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ և առավելագույնը 2 միլիոն դրամ: Երկրորդ բաղադրիչով աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկ մարող ընտանիքին, որտեղ ծնվում է երեխա, և աջակցությունն ուղղվում է վարկի մնացորդի մայր գումարի մարմանը: Հիմնական պայմաններն են՝ ձեռք բերված անշարժ գույքի գնահատված շուկայական գինը կամ կառուցված անշարժ գույքի նախահաշվային գինը չպետք է գերազանցի 35 միլիոն դրամը, որն ավելացվում է շահառուի երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 միլիոն դրամով: Դիմելու օրվա դրությամբ վարկը սպասարկվելու է առնվազն 12 ամիս: Աջակցության չափը կազմում է մնացորդային մայր գումարի 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ: Մնացորդային մայր գումարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 2 միլիոն դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով, եթե նոր ծնված երեխան 3-րդ և հաջորդ երեխան է»,- ասել է փոխնախարարը: Նշվել է նաև, որ վարկառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի, և եթե անշարժ գույքը գտնվում է սահմանամերձ կամ այլ բնակավայրերում, որտեղ կառուցվում է դպրոց կամ մանկապարտեզ, ապա ծրագրին ավելանում է ևս 50 տոկոս:

Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ այսօրվա դրությամբ առկա է 606 հաստատված գործարք սահմանամերձ բնակավայրերում: «Նաև նշեմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիքի շահառու լինելը նույնպես հաստատվել է: Այսինքն՝ նրանց քաղաքացիության կարգավիճակը համապատասխանեցվել է պայմանին: Նրանք հիմնականում երեխաներով ընտանիքներ են և առաջիկայում կկառուցեն իրենց տունը»,-ասել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է այդ փաստը. «Նրանք ԼՂ-ից բռնի տեղահանված առաջին շահառուներն են: Ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք հաստատվել է ծրագրով: Այսինքն՝ իրենք սահմանամերձ գյուղում հողակտոր ունեն, արդեն ստացել են կամ վստահաբար կստանան գումարը կամ կսկսեն շինարարությունը»:

Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ նրանք ունեն շինթույլտվություն, նախահաշիվ, և առաջիկայում ընթացք կտրվի պայմանագրի կնքմանը:

Վարչապետը հետաքրքրվել է՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում ծրագրի շրջանակում կա՞ն կառուցվող տներ: Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է փետրվար ամսվա տվյալները: Այսպիսով՝ Տավուշի մարզում առևտրային բանկերի կողմից հաստատվել է մոտ 250 վարկ, Կիրանցում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1:

Կառավարության ղեկավարը կարևորել է ծրագիրը. «Լավ է, որ գործընթացը սկսվել է նաև այդտեղ: Այս թվերը ինչ-որ առումով ինդիկատոր են, թե մարդիկ ինչքանով են հավատում խաղաղության օրակարգին: Սա կարևոր է՝ պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն, և մեր աջակցությամբ նույնպես գյուղերում այդ գործընթացը տեղի ունենա:

Շատ կարևոր ծրագիր է, և պետք է մենք այն շարունակենք: Ես համոզված եմ, որ այն նաև լավ տնտեսական էֆեկտ է բերելու ՀՀ-ին, հատկապես՝ մարզերում»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էլ հավելել է՝ շուրջ 250 պայմանագիր արդեն կնքվել է, հաստատումները 355 են, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին կամ 1 ամսվա ընթացքում շուրջ 100 նոր պայմանագիր կավելանա միայն Տավուշի մարզում:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է ծրագրերի վերաբերյալ մանրամասն, պատշաճ իրազեկում իրականացնելու կարևորությունը: