«Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն։ Եթե Ադրբեջանը համաձայնության գա Հայաստանի հետ, մենք կարող ենք հետեւել այս գործընթացին։ Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում»։ Այս մասին ադրբեջանական APA-ին ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզկիրը։
«Եթե լիներ միայն Հայաստանը, ցանկացած պայմանագիր կարող էր կնքվել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Այնուամենայնիվ, կա հայկական սփյուռքի ազդեցությունը։ Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է, չգիտեն՝ որտեղ են կանգնած, Ռուսաստանին մոտ են, թե Եվրոպային։ Լավ կլինի, որ օգնենք նրանց ու վերադարձնենք նորմալ կյանքին։ Բայց երբ եզրակացության ես գալիս, այն ժամանակ սփյուռքը միջամտում է և խանգարում նրանց։․․․ Հայաստանի Սահմանադրության մեջ եւ Անկախության հռչակագրում Թուրքիայի Հանրապետության արեւելյան նահանգները կոչվում են «Արեւմտյան Հայաստան»։ Նրանք միշտ կփորձեն հասնել «Արևմտյան Հայաստան» և կփորձեն ստանալ այն։ Քանի դեռ այս փոփոխությունները չեն եղել, մենք Հայաստանին չենք վստահի, պետք է փոխեն։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Անկախության հռչակագրում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը աջակցում է 1915 թվականին տեղի ունեցածը որպես «ցեղասպանություն» միջազգային ճանաչմանը հասնելու գործին։ Առանց այս բոլոր փոփոխությունների դժվար կլինի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համաձայնության գալ»,- ասել է նա։