Հետևեք մեզ։

Փետրվարի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 11870 անձ արդեն գրանցված է ՊԵԿ-ի համակարգում՝ որպես վարձու աշխատող․ Փաշինյան

19:49, 16 մարտ 2024
Փետրվարի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 11870 անձ արդեն գրանցված է ՊԵԿ-ի համակարգում՝ որպես վարձու աշխատող․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը: Վերջինիս մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տնտեսական և սոցիալական ներառմանը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կառավարության կողմից իրականացված և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերին:

Ըստ փոխվարչապետի՝ առաջինը լուծվել են ԼՂ-ից ավելի քան 100 հազար բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանով ապահովման խնդիրները. մոտ 70 հազար մարդ կացարանով ապահովվել է մարզպետարանների օգնությամբ ու ուղիղ աջակցությամբ: Այդ ընթացքում մարզպետարանները ծախսել են 4,4 մլրդ դրամ ժամանակավոր կացարանների՝ հյուրանոցների, հյուրատների, սննդով ապահովելու և տարբեր միջոցառումների իրականացման համար: «Միաժամանակ կառավարությունն անմիջապես սկսել է 3 հաջորդական ծրագրերի իրականացումը: Միանվագ հրատապ դրամական աջակցության ծրագրի շրջանակում յուրաքանչյուրին տրամադրվել է 100 հազարական դրամ: Այսօրվա դրությամբ այս ծրագրի շահառու է 113 հազար մարդ, 11,3 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել: Երկրորդը՝ 6 ամսյա ծրագիրը, որն ուղղված էր կեցության և կոմունալ ծախսերի աջակցությանը: Միջին հաշվով ներկայումս 95-97 հազար մարդ շարունակում է հանդիսանալ այս ծրագրի շահառու: Սա 40 հազար դրամ բնակվարձի և 10 հազարական դրամ կոմունալ ծախսերի համար աջակցության ծրագիրն է, որ գործող որոշմամբ նախատեսվում է շարունակել մինչև 2024 թ. ապրիլ, բայց մենք ունենք որոշում դրա գործողությունը մինչև տարեվերջ շարունակելու վերաբերյալ: Երրորդ հիմնական աջակցության ծրագիրը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրամական աջակցության տրամադրումն էր այն մարդկանց, ովքեր չունեին բավարար դրամական միջոցներ»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը նշել է նաև, որ կրթության ոլորտում նույնպես ուղղորդված աջակցություն է ցուցաբերվել: Բուհերում ուսանում է ԼՂ-ից բռնի տեղահանված 3800 ուսանող, նրանց 2023-2024 ուստարվա ուսման վարձերը վճարում է ՀՀ կառավարությունը՝ առանց առաջադիմության գործոն հաշվի առնելու: Հանրակրթական հաստատություններում սովորում է 17 հազար աշակերտ:

Հոկտեմբերից մինչև մարտ կենսաթոշակ և նպաստ են ստացել 25300 կենսաթոշակառու և մոտ 2000 նպաստառու: Տարբեր ծրագրեր են իրականացվել զբաղվածության ուղղությամբ: Մասնավորապես՝ 320 ուսուցիչ ստացել է մարզային ուղեգրում, ավելի քան 200 բուժաշխատող աշխատում է տարբեր բժշկական կենտրոններում, 725 բուժառու ստացել է միջնորդագրեր շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերին մասնակցելու համար:

«Մենք անցումային մի մեխանիզմ ենք սահմանել ԼՂ-ից իրավաբանական անձանց պարզեցված վերագրանցելու համար: 235 այդպիսի կազմակերպություն վերագրանցվել և Հայաստանում շարունակում է իր տնտեսական գործունեությունը: Եվս մեկ կարևոր ցուցանիշ՝ փետրվարի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 11870 անձ արդեն գրանցված է ՊԵԿ-ի համակարգում՝ որպես վարձու աշխատող»,- նշել է փոխվարչապետը:

Քննարկվել են նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագրին, դրա նպատակներին ու սկզբունքներին վերաբերող հարցեր: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ` ծրագիրը լրամշակելու և լավարկելու նպատակով: