Հետևեք մեզ։

ՔԿՀ-ն դիմել է դատարան Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար, սպանվածի հարազատները դեմ են. Azatutyun.am

01:09, 09 ապրիլ 2023
ՔԿՀ-ն դիմել է դատարան Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար, սպանվածի հարազատները դեմ են. Azatutyun.am

Քրեակատարողական հիմնարկը դիմել է դատարան սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատելու համար, հայտնում է Azatutyun.am-ը։

 

Այս որոշումը կայացրել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանը։ Արդարադատության գնդապետը որպես հիմնավորում ներկայացրել է Ենոքյանի վերաբերյալ երկու դրական զեկույցները, մեկը տվել է քրեակատարողական, մյուսը՝ պրոբացիայի ծառայությունը։

 

Եվ մինչ քրեական դատարանը քննում է այս հարցը, սպանվածի հարազատները հայտարարում են՝ դեմ են, որ Ենոքյանը հայտնվի ազատության մեջ։

 

«Չէ՛, ես չեմ ընդունի։ Գտնում եմ, որ դա պետության պարտքն է իր հասարակության դեմ, իր քաղաքացիների դեմ։ Ընդհանրապես վտանգավոր է հասարակության համար։ Նման մարդիկ պետք է մեկուսացված լինեն», - ասաց Ելենա Աղաջանովան։

26 տարի առաջ Բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար մեղավոր են ճանաչվել երկու հոգի՝ համակուրսեցի Մհեր Ենոքյանը և Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանը։

 

Վերջինիս դատարանը դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, Հարությունյանն արդեն 12 տարի է ազատության մեջ է։ Նա ընդունել էր մեղքը, իսկ Ենոքյանը մինչև հիմա պնդում է՝ համակուրսեցու սպանության ժամանակ վկայի դերում է եղել։ Դատարանը, սակայն, Ենոքյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել մահապատժի։ Հայաստանում մահապատժի վերացումից հետո նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

 

Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան ընդգծում է՝ եթե սա անզգուշության հետևանք լիներ և ոչ թե դիտավորյալ ու առանձնակի դաժանությամբ սպանություն, գուցե Ենոքյանը իրավունք ունենար հայտնվելու ազատության մեջ։ Մինչդեռ, նա պնդում է, նա չի զղջացել ու վերջին տարիներին զբաղվել է դրական բնութագրեր հավաքելով, որ կարողանա հայտնվել ազատության մեջ

 

«Եթե դիտավորյալ սպանություն է տեղի ունեցել, պլանավորված, իսկապես հատուկ դաժանությամբ կատարված, չէ որ դա հնարավոր չէ անտեսել, որ այդ մարդասպանն ինքը դա արել է», - ասաց սպանվածի քույրը` Ելենա Աղաջանովան։

 

Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանը հակադարձում է՝ դատապարտյալներին նման հնարավորություն տալիս է հենց պետությունը։ Ցմահի դեպքում 20 տարին լրանալուն պես դատապարտյալն իրավունք ունի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Եվ արդեն ավելի քան 26 տարի ազատազրկված ամուսինը դրական բնութագրեր ունի, վերջերս էլ դրական վարքագիծը հաստատվել է երկու գերատեսչությունների զեկույցներով։ Այս դեպքում Քրեակատարողական ծառայության ղեկավարությունը պարտավոր է դիմել դատարան։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։