Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել Ազգային Ժողով՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սահակյանի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«1) Իրավասու մարմինները մտադիր են Սահակյանին մեղադրանք առաջադրել խուլիգանության (297 հոդվածի 1-ին մաս) և Վլադիմիր Վարդանյանին խուլիգանական դրդումներով թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար (171 հոդվածի 2-րդ մաս):
2) Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։
3) Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն Ազգային Ժողովին չի ներկայացվել։
4) Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը փաստորեն հերքվել է։
5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»,- գրել է Մելիքյանը։