Հետևեք մեզ։

Ինտենսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրի 2 շահառու պետությունից շուրջ 50 մլն դրամ են հափշտակել. ՔԿ

13:01, 10 ապրիլ 2023
Ինտենսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրի 2 շահառու պետությունից շուրջ 50 մլն դրամ են հափշտակել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննության արդյունքում պարզվել են ՀՀ կառավարության 2019թ. մարտի 29-ին «ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ:

 

Պետությունը, նպատակ ունենալով այգետնկումներով խթանել հանրապետությունում պտղաբուծության և խաղողագործության զարգացումը, խաղողի, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, պտուղների և հատապտուղների ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը՝ կառավարության որոշմամբ սահմանել է կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում:

 

Քննությամբ ձեռք են բերվել փաստեր առ այն, որ Արարատի մարզի բնակիչ Ս. Ղ.-ն և Երևան քաղաքի բնակիչ Վ. Հ.-ն, մասնակցելով նշված ծրագրին, վարձակալությամբ յուրաքանչյուրն իրենց պատկանող հողամասերում հիմնել են ընկուզենու և նուշի ինտենսիվ այգի։ Պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, փոխհատուցում ստանալու նպատակով, ի թիվս հիմնավորող այլ փաստաթղթերի, նրանք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր։ Արդյունքում, չկատարած ծախսերի դիմաց 2022թ. ապրիլ ամսին Ս.Ղ-ն. պետությունից ստացել է 24.225.000 ՀՀ դրամ, իսկ Վ. Հ.-ն՝ 26.125.000 ՀՀ դրամ գումար, որոնք խարդախությամբ հափշտակել են:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: