Հնում մարդկանց նկարագրելու և գնահատական տալու տարբերակներն այնքան դիպուկ էին ու հակիրճ․ հաստատ բոլորս ենք լսել, որ մեծերն ասում էին՝ սա էլ ասելու է՝ մարդ եմ, լույս աշխարհ եմ եկել։ Հիմա Վահագն Խաչատուրյանն է։ Ամեն անգամ ամաչում ես պաշտոնական հաղորդագրություններից չհեռացնել «ՀՀ նախագահ»-ը նրա անվան դիմացից, հետո ընդհանուր հորձանուտի մեջ հասկանում ես, որ դա ոչինչ չի փոխում, գրես, թե չգրես մեծերի մյուս խոսքն է գալիս․ «բոշան» «փաշա» չի դառնա։
Որոշեցի նրան անդրադառնալ առանց որևէ բան որոնելու, նախ որովհետև որևէ արժեքավոր ու պետականամետ գործ հաստատ չի մոռացվում, և մյուսը՝ դա հաստատ չէի գտնի, ցավոք։
Արդեն երկու տարի հարկատուների հաշվին ձրի ապրող ու անիմաստ տարբեր երկրներ այցելող մարդուց առաջին հայացքից հիշվում է երկու բան․ առաջինը, շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին՝ երկրաշարժից հետո Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար, և երկրորդը՝ վերջերս էր՝ օգնել էր զբոսաշրջիկներին գտնել տաքսու վարորդին։ Ի դեպ, հենց իր պատճառով էլ չէին զբոսաշրջիկները գտնում չէին գտնում պատվիրված մեքենան։
Ձեռի հետ էլ բացատրում էր, որ այդ տաքսիստի ասած՝ ինչ-որ պաշտոնյան ինքն է՝ Հանրապետության նախագահը։
Այստեղ նաև մեկ նկատառում․ Թուրքիան, հավանաբար դիտավագիտական հարաբերություն չունենալու պատճառով է, որ բողոքի նոտա չէր հղել Հայաստանին, որովհետև Խաչատուրյանը ստանձնել էր Էրդողանի պարտականությունները, ու Թուրքիա օգնության համար շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին։
Արցախի հայաթափման օրերին Խաչատուրյանը լուռ էր այնպես, ինչպես մարդիկ, ովքեր այլևս խոսելու հնարավորություն չունեն, մեզ հետ չեն․․․ Միակ ակտիվությունն այդ ընթացքում քաղաքապետի ընտրություններին մասնակցել էր, իննը տոկոսն էր ապահովում։
Հիմա, այդ մարդը, ով բախտի բերմամբ նախագահ է նշանակվել, բայց այդպես էլ նախագահ չի դարձել ու չի կարող դառնալ, ու չի ընկալվում, հակառակ նրա, որ «դիսպետչեր» միանգամից ընկալվեց, որոշել է Արցախ բաժինը հանել նախագահի պաշտոնական կայքից։ Երբեմն դաստիրարակությունդ թույլ չի տալիս ուղիղ հարց տալ պատմություն ջնջողին․․․
Մնում է հասկանալ՝ որ արտարժույթի դիմաց է Վահագն Խաչատուրյանը ջնջում պատմությունը, հանում Արցախն ու առանց ամոթի նստում ՀՀ պետական խորհրդանիշների ներքո։ Բարոյականության, խղճի, հայերնիքի հանդեպ սիրո մասին խոսե՞լ, թե՞ չխոսել, երբ դիմացդ աշխատավարձ ստացող անզգա է։ Բացատրելով չես կարող զգացնել տալ Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա իր իսկ տված երդման նշանակությունը։
Խաչատուրյանն իր կենսագրությունում տող ունի՝ 1988 թվականից Ղարաբաղյան շարժման սկզբից ակտիվորեն զբաղվել է հասարակական-քաղաքական գործունեությամբ: Տրամաբանական հարց է առաջանում․ ակտիվ գործունեության նպատակը ո՞րն էր, որ անկախանալիք Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում Արցախը չլինե՞ր։
Հակառակը չի կարող պնդել այդ մարդը, այլապես իր անվճար ապրելու ու այդ կայքի «տերը» լինելու օրերին Արցախը չէր ջնջի, ուրեմն 88-ից նա այդ նպատակն է ունեցել։
Ի դեպ, հաջորդը Վահագն Խաչատուրյանը կջնջի «Հայոց Ցեղասպանություն» բաժինը, տեսակի հարց է․․․
Բեթղեհեմ Արաբյան