Հետևեք մեզ։

Խոչընդոտներ հայ-վրացական սահմանին․ Հայաստանն արգելում է Ջավախքից փոքր քանակի կաթնամթերք ու մսամթերք բերել, բայց ոչ միշտ կա աշխատակից, որ սահմանին ստուգի ուղեբեռը

13:08, 28 մարտ 2024
Խոչընդոտներ հայ-վրացական սահմանին․ Հայաստանն արգելում է Ջավախքից փոքր քանակի կաթնամթերք ու մսամթերք բերել, բայց ոչ միշտ կա աշխատակից, որ սահմանին ստուգի ուղեբեռը

Հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետում մարտի յոթից սկսած խնդիրներ են առաջացել Հայաստան ժամանող քաղաքացիների համար։
Hayastan.news-ն ահազանգեր է ստացել, որ սահմանային անցակետում չեն թույլատրում փոքր քանակի՝ մեկ-երկու կիլոգրամ միս, մսամթերք, կաթնամթերք և ձու բերել։
Հայտնի է, որ դա ուսանողների համար օգնություն է, ինչպես նաև Հայաստան այցի առիթներից մեկը նրանց ծնողների ու հարազատների համար, բացի այդ, այդ մարդիկ սովոր չեն տնից դատարկ ձեռքով հյուր գնան։
Սահմանային անցակետում որոշման մասին հայտնել են վարորդներին, չեն բացատրում մարդկանց, թե ինչով է պայմանավորված որոշումը, լավագույն դեպքում ասում են՝ հիվանդություն կա, թե ի՞նչ, ե՞րբ ու որտե՞ղ, մարդկանց հայտնի չէ։


Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ պատճառը ՍԱՏՄ-ում կայացված որոշումն է, որով հղում է արվում Վրաստանում արձանագրված մանր եղջերավորների ժանտախտ և ծաղիկ հիվանությունների հաստատմանը, որից ելնելով էլ որոշում է կայացվել կաթնամթերք, մսամթերք և նաև ձու էլ արգելել բերել Հայաստան։


Նշեմ,որ այդ մթերքն այլ շուկա դուրս չի բերվում և միայն ընտանիքում սպառման համար է, բայց սա, իհարկե, հիվանդության առկայության պարագայում, էական չէ։


Բայց, Hayastan.news-ը կապ հաստատեց Ջավախքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որտեղից պնդեցին՝ նման հիվանդություն Ջավախքում չի արձանագրվել, իրենք էլ էին տեղյակ սահմանափակումներից և զարմացած էին։


Աղբյուրներից մեկն էլ նշեց՝ եթե լինի նման հիվանդություն իրենց ևս կարգելեն մսամթերքի ու կաթնամքերի օգտագործումը, ինչպես նաև դրա վաճառքը, սակայն կենդանիների վաճառքն այս պահին էլ իրականացվում է, գուցե այլ տարածաշրջաններում նման հիվանդություն գրանցված է։


Մեկ այլ աղբյուր էլ հայտնեց, որ իր ունեցած տվյալներով նման հիվանդություն վերջին անգամ գրանցվել է 2022-ին․ «Հակառակը՝ մենք լսել ենք, որ Հայաստանում կա ժանտախտ և խոզեր են սատկել, բացի այդ՝ ձուն ինչ կապ ունի, որ չեն թողնում, թե՞ Զատիկ է»։


Պետական գերատեսչություններում հիվանդության վերաբերյալ փնտրտուքն արդյունք չտվեց, միակ տեղեկությունը, որը հրապարակվել է փետրվարի 27-ին հետևյալն է․ «Սիբիրախտից կենդանու սատկելու դեպքում տերերը պետությունից դրամական փոխհատուցում կստանան»։


Բայց, առավել լուրջ խնդիր կա․ երբեմն, երբ ստուգումներ են իրականացվում և գտնում են այսպես ասած՝ արգելված մթերք, հետ են ուղարկում քաղաքացուն մինչև Վրաստանի սահման, որպեսզի թափեն այդ ապրանքը, խիստ են, բայց, դա այդպես չէ։


Երբեմն լինում են օրեր, որ ուղեբեռը չի ստուգվում, որովհետև սահմանին ստուգողը չկա․ մարդիկ իջեցնում են ուղեբեռը, մոտենում հսկիչ կետին և տեսնում, որ ուղեբեռը չի ստուգվելու՝ աշխատակից չկա։ ՍԱՏՄ ներկայացուցիչները տեղում չեն և կարող ես բերել ինչ ուզես՝ միս, մսամթերք, կաթնամթերք և այլն։ Այդ դեպքում, եթե կա որոշում արգելել մսամթերքը, որ նույն հիվանդության տարածումը Հայաստանում կանխվի, ապա ինչու պետությունը նորմալ հսկողություն չի իրականացնում, ՍԱՏՄ-ն կայացրել է որոշումը թղթի վրա, իսկ գործնականում ո՞վ է իրականացնելու։

Մյուս հարցը․ իսկ ո՞վ է պատասան տալու, եթե կա հիվանդությունը, ըստ ՍԱՏՄ-ի, և այն տարածվի։ Ստացվում է, Սննդի անվտանգության տեսչական մարմինը տեղյակ է խնդրի մասին, բայց ոչ միշտ է պատշաճ հսկողություն իրականացնում՝ կամ բավարար  չափով աշխատակից չունի, կամ կարևորը ձևն ապահովել է։


Այդպիսի դեպք գրանցվել է նաև մեկ շաբաթ առաջ, ըստ ականատեսի, և սովորաբար գրանցվում է առավոտյան ժամերին, երբ հսկիչ աշխատակից չկա։


Հետևաբար, Հայաստանում Վրաստանի դեսպանատանը գինի ըմպելիս քաղաքացիներին ու քաղաքացիների խնդիրների մասին երկու երկրների վարչապետներին Հայաստանում Վրաստանի դեսպանը դժվար թե ասեր՝ նախ տոնը չէր փչացնի, և երկրորդ՝ ինքն էլ տեղյակ չէ։

Ի դեպ, ՀՀ-ում Վրաստանի այս դեսպանը, ի տարբերութուն նախկին դեսպանի՝ ոչ փակ հանդիպումներ է անցկացնում, ոչ էլ իրեն որևէ հարց հետաքրքիր է, ամեն դեպքում՝ այդ մասին հանրությանը հայտնի չէ։ Դե Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտորն էր, մի լավություն անելու էին, ուղարկեցին Հայաստան։

Ամփոփելով․ ձևն ապահովված է, արհետսական խոչընդոտները՝ ևս, որովհետև եթե խսնիր կա, ապա պետք է ստուգվի ուղեբեռը միշտ ու պատշաճ։

 

Բեթղեհեմ Արաբյան