Հետևեք մեզ։

Այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնք դարերի պատմություն ունեն. Գարդման, Շիրվան, Նախիջևան միություն

17:26, 31 մարտ 2024
Այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնք դարերի պատմություն ունեն. Գարդման, Շիրվան, Նախիջևան միություն

Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միությունը շնորհավորել է Սուրբ Զատկի նվիրական տոնի կապակցությամբ եւ հայտարարություն տարածել:

«Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տաղավար տոներից մեկը` Քրիստոսի հարության տոնը։ Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է պատարագ` ի նշանավորում համաքրիստոնեական այս Սուրբ իրադարձության, սակայն ցավով պետք է արձանագրել, որ այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնց ճնշող մեծամասնությունը դարերի պատմություն ունեն և ուղեկցել են հայ ժողովրդին իր պատմության դժնդակ շրջափուլերում։

Սակայն միայն Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական միջավայրը չէ, որ այսօր այլախեղման վտանգի առաջ է։ Անցած տասնամյակների ընթացքում ադրբեջանական հայատյաց վարչակարգերը լռեցրել են պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայկական եկեղեցիներում աղոթքի շշուկներն ու դարերի խորքից եկող շարականները տեղի հայության էթնիկ զտումների, բռնի տեղահանման, հայ հոգևորականության նկատմամբ հատուկ դաժանության և հավատավոր հայության հայրենազրկման միջոցով։ Հայոց եկեղեցիներից շատերն այլևս կանգուն չեն, հայկական գերեզմանատները հավասարեցվել են հողին։ Տասնամյակներ է, ինչ Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը, ի թիվս այլ իրավունքների, զրկված է նաև իր հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այսօր այդ հնարավորությունից զրկված է նաև Լեռնային Ղարաբաղի 150 հազար հայությունը, որը 2020֊2023 թթ. ընթացքում էթնիկ և ռասայական հիմքով ենթարկվել է պատերազմական հանցանքների, հումանիտար աղետի և էթնիկ զտման։ Սա քրիստոնեության դեմ համակարգային արշավ է, որն առաջնորդեցին «իսլամաֆոբիայի» մասին աղաղակող ադրբեջանական իշխանությունները` իրենց շուրջ համախմբելով հակաքրիստոնեական այլ տարրերի և մնալով անպատիժ։ Նման քայլերը խոշոր վտանգ են պարունակում միջկրոնական հարաբերությունների և փոխադարձ հանդուրժողականության ժամանակակից ընկալումների նկատմամբ։

Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միությունը Տիրոջ հարության Սուրբ օրը կոչ է անում քրիստոնեական աշխարհին` աջակից լինել անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից դրվագված ցեղասպանության ենթարկված հայության բոլոր, այդ թվում կրոնական իրավունքների ամբողջական և անհապաղ վերականգնման համար։

Քրիստոս հարյալ ի մեռելոց,
օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։