Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում ներկայացնում է ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իր միջնորդությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մինչ հարցը հնչեցնելը, նախ հիշեցրեց Աննա Վարդապետյանին, թե ինչպես է նա 2020 թվականի հունիսին, երբ դատախազ չէր դեռ, այլ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, խմբագրական աշխատանք կատարել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առնչվող քրեական վարույթում, այն դեպքում, երբ նախաքննական մարմինն անկախ է և Փաշինյանի օգնականը որևէ լիազորություն չունի այնտեղ։
Գեղամ Մանուկյանն Աննա Վարդապետյանին հարցրեց․ «Դուք ասել էիք, որ խմբագրումներն արեք եք բարեկամաբար։ Հիմա Մհեր Սահակյանի կամ Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի գործերի դեպքում Նիկոլ Փաշինյանի օգնականներից կամ կառավարությունում նստած որևէ անձանցից բարեկամաբար խորհուրդներ, առաջարկներ, մեղադրական միջնորդությունների մեջ փոփոխությունների աջակցություն ստանո՞ւմ եք, թե՞ ոչ»։
Աննա Վարդապետյանն ասաց, որ ինքը մի անգամ հրապարակային անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ վերջնական դատական ակտով հաստատվել է հանցակազմի բացակայությունը, և դրա վերաբերյալ բոլոր քննարկումներն արդեն ինքը շահարկումներ է որակում։ «Նաև պազրաբանել եմ, որ ոչ թե ես եմ նախաձեռնողը եղել, այլ խնդրանքը եղել է ինձ՝ որակման հետ կապված մասնագիտական տիրույթում հարցը քննարկելու։ Ես երբևէ որևէ ամոթալի բան չեմ տեսնում մասնագիտական հարց քննարկելու մեջ, հատկապես, երբ ոլորտում կան փայլուն իրավաբաններ, և այդ պրակտիկան իրավագիտության ֆակուլտետում կամ ու շարունակվում է։ Այսինքն՝ մենք անընդհատ քննարկումներիկ մեջ ենք այն մարդկանց հետ, ովքեր ոլորտի լավագուիյ ն մասնագետներն են»,-ասաց Աննա Վարդապետյանը։
Մանուկյանի դիտարկմանը՝ այսինքն՝ ՀՀ քաղաքացիները էլի չե՞ն կարող բացառել, որ որևէ քրեական գործով դատախազությունը, քննչական մարմինները կարող են դիմել կառավարություն, դիմել Նիկոլ Փաշինյանի օգնականին կամ կառավարության որևէ աշխատակցի՝ «մասնագիտական» խորհրդատվության համար, Աննա Վարդապետյանը կարճ արձագանքեց․ «Դուք հիմա կասկածի տա՞կ եք դնում դատական ակտը, ես՝ չէ»։