Հայաստանը նոր իրադարձությունների շեմին է՝ Արևմուտքը հակառուական պահանջներ է դնում, մյուս կողմից՝ Ռուսաստանն իներցիայի ուժով չի կատարել իր պարտավորությունները և միշտ հույս է ունեցել, որ Հայաստանը կմնա իր ռազմավարական դաշնակիցը, անկախ այն ամենից, թե ինչ կանի ինքը։
Ռուսաստանն այդպես էր մտածում նաև այն ժամանակ, երբ 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը կրակում էր Ջերմուկի վրա, իսկ այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Վայոց Ձոր ժամանեց միայն սեպտեմբերի 22-ին, երբ այլևս այցն անհրաժեշտություն չէր։
ՀԱՊԿ-ի անգործությունը եթե պայմանավորենք Փաշինյանի իշխանություն գալուց հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելով ու նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելով, ապա, միևնույն է, դա կարող է ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման պատճառների վրա ազդող հանգամանքներից միայն մեկը լինել, սակայն Ռուսաստանի վարքագիծը Հայաստանի նկատմամբ պայմանավորվում է երկու գործոնով․
առաջին․ այդ պահին իր շահի թելադրանքով, որը պայմանավորված էր ռուս-ուկրաինական հակամարտությամբ, և արցախյան կոնֆլիկտում Թուրքիայի գործոնով,
երկրորդ․ իներցիայի ուժ․ «դե Հայաստանն ուր պետք է գնա» կարծրացած մտածելակերպով, առանց հաշվի առնելու, որ նոր իշխանության համար Արցախի կորուստը բացարձակ զսպող գործոն չէր։
Հայտնի իրադարձությունների արդյունքում Հայաստանի ճակատագիրն անհայտ է․ մասնավորապես, երկրի ղեկավարը խոսում է՝ պատերազմի հավանականության, կարմիր գույն չսիրող ցլերի մոտից անցնել-չանցնելու մասին, և թաշկինակի նման քարտեզը ձեռքին շրջում է Հայաստանում և գուժում հնարավոր պատերազմի մասին՝ եթե չհանձնենք, եթե գոռանք, եթե շնչենք, եթե նայենք Արարատին․․․
Այս քաոսում, սակայն, բոլորն իրենց շահն ունեն․ Արևմուտքը ևս մեկ օղակ է ուզում միացնել հակառուսական ճակատի շղթային և հավաքում է իր «փազլն՝» ընդդեմ Ռուսաստանի, Ռուսաստանը Արևմուտքի հետ հակամարտությունում չի ուզում Հայաստանի համար խնդիրներ ունենալ Բաքվի ու Անկարայի հետ, իսկ ի՞նչ ենք ուզում մենք։
Այս քաոսի ողբերգությունն այդ հարցի մեջ է․ ի՞նչ է ուզում Հայաստանը։ Թվում է՝ անվերջանալի գլորվող ձնագնդի է․ իշխանությունը կամավորական խոսնակի պես գալիս և հայտնում է, թե ինչ է ուզում Ադրբեջանը, ընդդիմությունը քննադատում է, իսկ Հայաստանը բզկտվում է ու դառնում Փաշինյանի ափի մեջ տեղավորվող քարտեզի չափ․․․։
Ազգային ժողովում քննադատությունները, ստերի մասին բարձրաձայնումները, փոխադարձ մեղադրանքներն ու հիշեցումները հունի մեջ են ընկել և Հայաստանը տանում են դեպի ոչ անվտանգ ճանապարհով, կորտի հունը չի փոխվում։
Հայաստանում պետք է բանաձևը փոխել, իսկ աղմկողները դա չեն անում։
Բեթղեհեմ Արաբյան